«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կարգադրությամբ՝ Հաղթանակ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Բիջոյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժ:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հաղթանակ գյուղի դպրոցի տնօրենի ԺՊ Գեւորգ Բիջոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է եղել տույժի ենթարկվելու պատճառը: Հարցին ի պատասխան՝ Բիջոյանն անմիջապես ասաց. «Առանձնապես բան չկա: Ես բողոք չունեմ»: Ապա արդարանալով՝ նշեց, որ ինքը դպրոցի «12-րդ դասարանի աշակերտների սրտով է գնացել», ինչի արդյունքում էլ նկատողության է արժանացել:
«Իրականում դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները պետք է դեկտեմբերին քննություն հանձնեին, բայց երեխաները եկան, ասացին, որ պատրաստ չենք ու չենք կարող հանձնել: Մենք երեխաների խնդրանքը հայտի տեսքով ներկայացրեցինք գիտության եւ թեստավորման կենտրոն եւ պահանջեցինք քննությունների ամիսը դեկտեմբերից տեղափոխել հունիս: Բայց ի պատասխան՝ մենք մարզպետարանից ստացանք գրություն, որտեղ նշված էր, որ իմ նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժ, իսկ քննությունների ամիսը տեղափոխվել է»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց դպրոցի տնօրենի ԺՊ-ն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ