Հարց քաղաքացիներից` դրամի փոխարժեքի տատանումներն ինչո՞վ են պայմանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ՀՀ դրամի փոխարժեքի տատանումներն ինչո՞վ են պայմանավորված: Ի՞նչը կարող է ազդեցություն ունենալ վերջինիս տատանումների վրա:

Հասմիկ Գրիգորյան (28 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո:

Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են:

Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները:

Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ՝ կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանում արտարժույթի կտրուկ արժեզրկում սկսեց գրանցվել 2014թ. նոյեմբերի 24-ից, երբ դոլարի փոխարժեքն աճեց 16.6 կետով՝ հասնելով 435 դրամի, իսկ 2014թ. դեկտեմբերի 17-ին դոլարի փոխարժեքը հասավ իր 10-ամյա առավելագույն ցուցանիշին՝ կազմելով 527,20 դրամ:




Լրահոս