Հարց քաղաքացիներից` ինչ է իրենից ներկայացնում ավանդների երաշխավորման հիմնադրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ավանդների երաշխավորման հիմնադրամը: Կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում այն:

Ռուզաննա Միրզոյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է՝ ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է:

Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է:

Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար՝ 5 մլն դրամ:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ 10 մլն հայկական դրամով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հիմնադրամը երաշխավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում եւ անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները:




Լրահոս