Հարց քաղաքացիներից` քրիստոնյաներն ի՞նչ տեսքով պետք է մտնեն եկեղեցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ եկեղեցի մտնելու համար կանայք պետք է գլխաշոր կրեն: Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է կարելի, եւ ի՞նչ չի թույլատրվում անել եկեղեցում: Բացի գլխաշոր կրելուց՝ քրիստոնյաներն ի՞նչ տեսքով պետք է մտնեն եկեղեցի:

Սիրանույշ Սարգսյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱԽԱՆ. Հայտնում ենք, որ եկեղեցին, ինչպես արդեն նշել ենք, Աստծո եւ աղոթքի տուն է, մարդու եւ Աստծո հանդիպման ամենամերձ վայրը: Այդ կարեւոր հանդիպումը կայանում է աղոթքով, երբ մարդ իր սրտի դռներն անկեղծորեն բացում է Աստծո առջեւ՝ երկրային իրականությունից տեղափոխվելով ուրիշ աշխարհ՝ Աստծո աշխարհը:

Եկեղեցում Աստծո սուրբ եւ զորավոր ներկայության գիտակցությունը մարդուն, անկախ տարիքից եւ պահի անհրաժեշտությունից, պետք է թելադրի զուսպ եւ պատշաճ կեցվածք ունենալ: Երբ կարեւոր տեղ ենք գնում, առավելագույնս ձգտում ենք համապատասխան կեցվածք ունենալ եւ լավ տպավորություն թողնել՝ նույնիսկ հետեւելով մեր հագուստին, շարժուձեւին, քայլվածքին:

Ավելի կարեւոր տեղ չկա, քան եկեղեցին, եւ ավելի կարեւոր հանդիպում չկա, քան հանդիպումը մեր Արարչի հետ:

Հետեւաբար, եկեղեցի մտնելիս առավել եւս պետք է ուշադրություն դարձնել հագուկապին (կանայք եկեղեցում պետք է գլխաշոր կրեն) եւ ունենալ պատշաճ կեցվածք, տարվել ոչ թե խոսակցություններով, ծանոթ-անծանոթների հետ բարեւների ու ողջույնների փոխանակումով, աչքերի զննողական փնտրտուքներով, այլ մտասուզվել աղոթքի մեջ:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ պատշաճ է եկեղեցուց դուրս գալ դեմքով դեպի Խորանը՝ խաչակնքումով, քանի որ Խորանն Աստծո բնակավայրն է, եւ վայել չէ մեջքով դարձած հեռանալ Աստծո տնից:




Լրահոս