Սամվել Բաբայանին առանց լուրջ հիմքերի անհնար էր ձերբակալեին. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվել է:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ:

«Իրավապահ մարմինների գործունեությունը մինչև չհստակեցվի, որևէ հարցադրում տալը ժամանակավրեպ է, որովհետև Սամվել Բաբայանին առանց լուրջ հիմքերի անհնար էր ձերբակալեին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, այնուամենայիվ, ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքսը տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, պատգամավորը նկատեց. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը ավելի շատ ՀՀԿ-ականներին պետք չէր, գործող վարչակարգին չէր պետք: Հիմա ջրերը թող պարզվի իմանանք: Իրավապահ մարմինները վերջնական մեղադրական չեն ներկայացրել, հիմա երևակայական ենթադրություններ պետք է արվեն»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ լրատվական կենտրոնը տեղեկություն էր տարածել, թե օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Արփինե Թովմասյան




Լրահոս