ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիներում, սովորաբար, պատարագը մատուցում են փակ խորանով: Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ խորհուրդ ունի փակ խորանով պատարագ մատուցելու կարգը:
Հեղինե Հարությունյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Մեծ Պահքի շրջանում Հայ Առաքելական եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է վարագույրը փակ: Այն խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արքայության դռների փակվելը: Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ:
Սակայն Մեծ Պահքի ընթացքում կան հիշատակության օրեր եւ տոներ, երբ Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով: Այդ օրերն են Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների եւ Խոր Վիրապ մտնելու հիշատակության օրը, Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը եւ Ծաղկազարդի՝ Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակության տոնը: Այդ օրերին հավատացյալները, մասնակցելով Ս. Պատարագին, կարող են Ս. Հաղորդություն ստանալ:
Մեծ Պահքի ընթացքում ընդունված չէ մատաղ անել, քանի որ այդ շրջանում արգելված են կենդանական ծագմամբ կերակուրները: Շատ ավելի խրախուսելի է այդ շրջանում ողորմություն անել եւ գթասրտություն ցուցաբերել կարիքավորներին եւ նեղյալներին՝ օգնելով նրանց գումարով, հագուստով, սննդամթերքով կամ հնարավոր այլ տարբերակներով:
Ս. Մկրտության խորհրդի կատարման համար որեւէ արգելք չկա, Ս. Մկրտության խորհուրդը կատարվում է տարվա ցանկացած օր:
Արարատյան Հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր, այսինքն՝ 7 շաբաթ: Պահքի ժամանակ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա եւ հրաժարվի մեղավոր ընթացքից: