«Ժողովուրդ»-ը դրամատուրգ, ռեժիսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանից հետաքրքրվել է` արդյոք կողմնորոշվել է, թե ում է ձայն տալու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Անդրադարձել ենք այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի արվեստի մարդու դիրքորոշումը մեր երկրի համար շրջադարձային այս փուլում:
-Պարո՛ն Սահակյան, վստահո՞ւմ եք խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին:
-Նախ` ժամանակ չունեմ, որ հետաքրքրվեմ, դաշինքներին էլ առանձնապես լուրջ չեմ վերաբերվում:
-Ընդհանրապես քաղաքականությա՞մբ չեք հետաքրքրվում, թե՞ կոնկրետ ընտրական այս գործընթացով:
-Հետաքրքրվում եմ, բայց հիմա նոր եղավ ներկայացումը (նկատի ունի «Սիրով՝ ապագայից կամ Մեա կուլպա 2»-ը-հեղ.), ես հիմա ո՞նց պատասխանեմ, որ ճիշտ լինի, պրեմիերաներ եղան, փոխելու բաներ կան…
-Ի՞նչ եք կարծում` արվեստի մարդն իր դիրքորոշումն ինչպե՞ս պետք է հայտնի այս որոշիչ ժամանակահատվածում:
-Արվեստի մարդը ժողովուրդն է, կաթողիկոսն էլ է ժողովուրդ, նախագահն էլ: Կարծում եմ` արվեստով զբաղվող ամեն մարդ իր գործի մեջ պետք է ցույց տա իր կարողություններն ու աշխարհայացքը: Եթե իմ կարծիքով արժանավոր թեկնածու առաջադրվի, ձայնս կտամ նրան: Չգիտեմ էլ` ով է առաջադրվել, գիտեմ թեկնածուներ, որոնք արժանավոր են, բայց տեղյակ չեմ` նրանք առաջադրվել են, թե ոչ:
-Իսկ հասցրե՞լ եք ծանոթանալ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին:
-Ընդհանրապես, նախընտրական ծրագրերին քիչ եմ ծանոթ, մակերեսային պատկերացում ունեմ դրանց մասին: Իսկ ինչ վերաբերում է դաշինքներին, փոքր-մոքր կուսակցություններին, բնական է, որ նրանք իրենց տեղն են ապահովում, իրենց ուտելիքն են ապահովում, ուրիշ ոչինչ: Եվ կարող եմ ասել, որ իշխող կուսակցությանը ավելի մոտ կարող եմ կանգնած լինել, քան այդ դաշինքներին, այդքան բան: Չեմ ասում` իշխող կուսակցությանը մոտ եմ, ասում եմ` կարող եմ…
-Ձեր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկո՞ւմ եք ընտրական գործընթացին վերաբերող հարցեր:
-Առաջ քննարկում էինք, հիմա ժամանակ չկա: Հետո իմ անձնական կյանքն էլ է փոխվել, մենակ չեմ ապրում, խոհարարությամբ եմ զբաղվում, տնային գործեր եմ անում…
-Խոհարարությունը Ձեզ համար հոբբի՞ է:
-Իմ մասնագիտությունը խոհարարությունն է, հոբբին` գրելը:
-Վերադառնանք ընտրություններին. տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, համակիրներ արդեն հասցրե՞լ են թակել Ձեր դուռը, բուկլետներ բաժանել, հարցում անցկացնել:
-Հա, երկու անգամ եկել են, առաջարկել են, ասացի՝ չեմ ուզում, գնացին:
-Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անի ժողովրդի այն հատվածը, որը քաղաքական ուժերից եւ ոչ մեկի նկատմամբ վստահություն չունի:
-Թող մարդիկ ազնիվ լինեն, ոչ ոքի չխաբեն, այդ ժամանակ իրենց ամեն ինչ կտրվի: Եթե տաքսու վարորդը բողոքում է, որ լավ չի կյանքը, բայց իր մեքենան կեղտոտ է, այդ մարդուց զզվում ես, մտածում ես` իրեն հասնում է, պետք է վատ ապրի… Թող իրենք իրենց գործն անեն, նոր իշխանությունից ու ընդդիմությունից բան պահանջեն: Մարդիկ գալիս, նայում են «Մեա կուլպան» եւ ակտիվորեն արձագանքում են քաղաքական թեմաներին, բայց հենց իրենց արարքն է ներկայացվում, որն իշխանության հետ կապ չունի, չեն հասկանում, չեն ծափահարում, անգամ նեղվում են:
-Գուցե Ձեր մեսիջը տեղ է հասնում…
-Դե, շատ քիչ, շատ քիչ: Որ ասում եք` ինչ եք անում, ասեմ` ես դա եմ անում, չեմ կարող Արթուր Բաղդասարյանի կենսագրությունն իմանալ, ինձ թվում է` դրանից հետո կհիվանդանամ:
-Հանրության լայն զանգվածներ կարծիք են հայտնում, որ առաջադրված թեկնածուներից շատերի անցյալը, կենսագրությունը մաքուր չէ:
-Ես ճանաչում եմ վարչապետին, քաղաքապետին: Քաղաքապետին ճանաչում եմ որպես աշխատասեր մարդ, ո՞նց կարող եմ վատ բան ասել: Աշխատասեր մարդ է նա, ես կընտրեի, ուրիշ մարդու մասին էլ տեղյակ չեմ:
-Եվ վերջում` կողմնորոշվե՞լ եք` ում եք Ձեր ձայնը տալու:
-Հա, կողմնորոշվել եմ, վաղուց, որեւէ դաշինքի չեմ ընտրելու ես:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՎ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՓՈԽԵԼ` ԵՓՎՈՒՄ ԵՄ»
Հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասան Գնել Սարգսյանը, ով տեւական ժամանակ ՌԴ-ում էր, այնտեղ էլ ծավալում էր իր գործունեությունը, մեկ տարուց ավել է` հայրենիքում է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ չի կարող վստահաբար ասել` կշարունակի մնալ Հայաստանում, թե կրկին կմեկնի արտերկիր: Մենք դերասանից հետաքրքրվեցինք` ինչով է նա այժմ զբաղված եւ ինչ ծրագրեր ունի. «Ընդհանրապես, ես պարբերաբար լինում եմ աշխարհի տարբեր վայրերում, որոշ ժամանակով մնում եմ, ապա վերադառնում: Վերջին անգամ Ռուսաստան էի գնացել, իհարկե, երկրի վիճակից բարկացած: Այդ բարկությունը, ի դեպ, հիմա էլ կա` կապված առաջիկա ընտրությունների հետ: Կարդում եմ քաղաքական ուժերի լոզունգներն ու հիստերիայի մեջ եմ ընկնում»,-ասաց դերասանը: Նա տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում պարապ չի մնում. պատրաստվում է ապրիլին հանդիսատեսի դատին հանձնել նոր մոնո-ներկայացում: Պրեմիերան տեղի կունենա Թատերական գործիչների միությունում. «Եթե ներկայացումը տեղի հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանանա, այն կհանձնեմ նաեւ ռուսաստանյան, եվրոպական հանդիսատեսի դատին»: Գնելը նաեւ հայտնեց, որ Երեւանում բացել է դերասանական ստուդիա, որտեղ հենց ինքն է դասավանդում:
Հարցին, թե արդյոք հեռուստադիտողները Գնելին կրկին կտեսնեն էկրաններին, պատասխանեց. «Մի քանի ամիս առաջ նկարահանվում էի սերիալներում, բայց դրանց շրջանակում իմ դերակատարումը կարճ տեւեց: Կարծում եմ` շատ գործատուներ նույնիսկ չգիտեն էլ, որ ՀՀ-ում եմ: Ամեն դեպքում, եթե հարմար առաջարկ լինի, կընդունեմ այն»: Մենք հետաքրքրվեցինք` առաջիկայում որտեղ է պատրաստվում բնակվել դերասանը. «Այդ հարցին չեմ կարող կոնկրետ պատասխանել: Ես այն մարդկանցից եմ, որոնք չեն հարգում մեր պաշտոնյաների մոտեցումը աշխարհի հզորագույն ժողովրդի նկատմամբ, չկարողանալով որեւէ բան փոխել` եփվում եմ, ստիպված թողնում-հեռանում եմ, որ քիչ բան տեսնեմ»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՉԱՅԿՈՎՍԿԻ ԿՀՆՉԻ
Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ մարտի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Չայկովսկի գալա» համերգային մեծ երեկոն: Ինչպես տեղեկացնում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից` դիրիժորական վահանակի մոտ կլինի թատրոնի գեղ. ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Այդ օրը ՀՀ-ում առաջին անգամ կկատարվի Պ. Ի. Չայկովսկու «Մոսկվա» կանտատը, որը հեղինակը գրել է 1883թ.՝ Ալեքսանդր 3¬րդի թագադրման արարողության համար: Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն նաեւ Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի նախերգանքը, Իոաննայի մեներգը` «Օռլեանի կույսը» օպերայից, խեղկատակների պարը` «Ձյունանուշիկը» օպերայից, «Վոյեվոդա» օպերայի նախերգանքը եւ այլ ստեղծագործություններ: