ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե անձը ժառանգություն է ստացել, ապա նա դրանից հրաժարվելու իրավունք ունի՞, թե՞ ոչ:
Գրետա Մարտիրոսյան (54 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ժառանգությունից կարելի է հրաժարվել, բայց ոչ դրա մի մասից. ժառանգորդը կա՛մ ընդունում է օրենքով, կա՛մ կտակով իրեն հասած ողջ ժառանգությունը, կա՛մ էլ չի ստանում ոչինչ:
Իսկ եթե ժառանգորդը նախ հրաժարվում է իր բաժնից, իսկ հետո փոշմանում, ապա ոչինչ չի ստանում, քանզի հետադարձ ճանապարհ չկա: Չի կարելի հրաժարվել ժառանգական մերժումի կամ ժառանգական հանձնարարության կատարումից. դա հավասարազոր է ժառանգության սեփական բաժնից հրաժարման, նաեւ չի կարելի հրաժարվել ժառանգության պարտադիր բաժնից:
Հայաստանում ժառանգության ձեւակերպման համար անհրաժեշտ է հայտնել նոտարական գրասենյակ (ժառանգատուի բնակության վայրի, օրինակ՝ ք. Երեւան) ժառանգության ընդունման մասին (մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում), նոտարի մոտ ձեւակերպել ժառանգության ընդունման մասին դիմում (դիմումը ձեւակերպվում է գույքի գտնվելու վայրով):
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ժառանգությունը գույք է, որը բաղկացած է գույքային իրավունքներից, գույքային պարտականություններից, իրերից եւ այլ գույքից, դրամական միջոցներից: Ժառանգորդների գույքային պարտականությունները առաջանում են ժառանգության ընդունումից առաջ, ժառանգության բացումից անմիջապես հետո՝ մահվան կամ ժառանգողին մահացած ճանաչելու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից:
Հավելենք, որ եթե ժառանգական գույքը գտնվում է տարբեր վայրերում, ապա ժառանգության բացման վայրի նոտարը ժառանգական գույքի համապատասխան մասի գտնվելու վայրի նոտարին ժառանգությունը պահպանելու կամ կառավարելու վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա հանձնարարություն է ուղարկում՝ այդ մասին տեղեկացնելով նոտարական պալատ: