Այսօր տեղի ունեցավ 50 մշակութային ՀԿ-ների ներկայացուցիչների եւ Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանդիպումը: ՀԿ-ների ներկայացուցիչները նախարարին ուղղեցին իրենց ոլորտին առնչվող խնդրահարույց հարցեր, իսկ Ա.Ամիրյանն էլ փորձեց պատասխանել նրանց հուզող հարցերին, հանդես եկավ առաջարկներով: Հանդիպումը, սակայն, զերծ չէր քաղաքական մեսսիջներից:
Այն բանից հետո, ինչ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը ամբիոնից հնչեցրեց իր կոչն առ այն, որ եթե ներկաները առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց ձայնը տան Հանրապետական կուսակցությանը, ապագայում «կունենան» մշակույթի նախարար Արմեն Ամիրյան, դահլիճը ողողվեց ներկաների ծափահարություններով:
Ավելին` Հայպետֆիլհարմոնիայի եւ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը զարմանք հայտնեց ելույթ ունեցողների կաշկանդվածության առնչությամբ եւ բաց տեքստով ասաց. «Որպեսզի ներկա կառավարությունն իր կազմով շարունակի աշխատել, բնականաբար, անհրաժեշտ է ՀՀԿ-ի հաղթանակը: Սա պարտադրանք չէ, այլ ցանկություն, որն առաջացավ ինքնաբուխ կերպով»:
Նախարար Արմեն Ամիրյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին. «Որևէ պարտադրանք խնդրում եմ չլինի, ցանկությունը շատ լավ է: Շնորհակալություն այդ ցանկության համար»,- նշեց նա:
Այնուամենայնիվ, Ա.Ամիրյանը օգտագործեց ամբիոնը կուսակցական քարոզչության համար. «Հավատացած եղեք, որ մեր կուսակցության եւ կառավարության թիմը եկել է մեկ նպատակով` ստեղծելու մեր երեխաների համար լավ երկիր, որտեղ կարող ենք արժանապատիվ կազմակերպել մեր կյանքը»:
Աննա Բաբաջանյան