Եթե հավատալու լինենք Ազգային վիճակագրական ծառայությանը, ապա այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել: Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի՝ աճ է եղել գրեթե բոլոր ոլորտներում:
Եւ այսպես՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս երկու ամիսների ընթացքում կազմել է 6,2 տոկոս: Հիմնական աճն արձանագրվել է արդյունաբերության ոլորտում՝ 16,1 տոկոս, գյուղատնտեսությունն աճել է ընդամենը 0,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 10,4 տոկոսով, առեւտրաշրջանառությունն ավելացել է 9,6 տոկոսով: Աճել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 22,2 տոկոսով, որից ներմուծումները՝ 23,5 տոկոսով, իսկ արտահանումը՝ 20,1 տոկոսով: Այս ընթացքում նվազել են միայն շինարարության ծավալները՝ 13,8 տոկոսով:
Առաջին հայացքից այս ցուցանիշները բավական ոգեւորիչ են: Նախ՝ 2017թ. պետական բյուջեով կառավարությունը շատ համեստ աճ է խոստացել՝ 3,2 տոկոս, բայց տարին սկսվելուց երկու ամիս անց տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ 6,2 տոկոս է: Բացի այդ՝ նախորդ տարվա կեսերից Հայաստանում տնտեսական անկում սկսվեց, եւ տարին ամփոփեցինք գրեթե զրոյական՝ հազիվ կես տոկոս աճով, ու հիմա այսքանից հետո ցանկացած տեղաշարժ կարելի է նույնիսկ լուրջ առաջընթաց գրանցել:
Միայն թե ԱՎԾ հրապարակած ցուցանիշները դեռ չեն նշանակում, որ աճի այս միտումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում: Ի վերջո, 2016 թվականն էլ աճով էր սկսվել. այն ժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,7 տոկոս էր (խոստացված 2,4 տոկոս աճի պարագայում), արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել էին 9,9 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2,5 տոկոսով, անգամ շինարարության ոլորտում աճ կար՝ 2,1 տոկոսի չափով: Բայց այս ամենը չխանգարեց, որպեսզի հունիսից տնտեսությունը գահավիժի, եւ տարին ամփոփենք զրոյական աճով: Չի բացառվում՝ նույնը կրկնվի նաեւ այս տարի: Առավել եւս, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ մի քանի անգամ հայտարարել է, թե կայուն աճ ակնկալում են 2018թ. սկսած, ասել է, թե այս տարի հազիվ թե լուրջ առաջընթաց գրանցվի:
Եւ հետո՝ ԱՎԾ հրապարակած ցուցանիշները նաեւ որոշ հարցականների տեղիք են տալիս: Օրինակ՝ անհասկանալի է, թե ինչ գործոնների շնորհիվ է աճել ներքին առեւտրաշրջանառությունը: Այս ընթացքում տեղի չի ունեցել նաեւ գների կտրուկ նվազում (ընդհակառակը, ընտրությունների նախաշեմին թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք ներկրող գործարարներն իրենց թեկնածությունն են առաջադրել ԱԺ ընտրություններում): Այս ընթացքում աշխատավարձի էական աճ չի արձանագրվել. մասնավոր աշխատավարձերը բարձրացել են մոտ 2 տոկոսով (մասնագետների պնդմամբ՝ այդ աճը թղթի վրա է՝ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում), իսկ պետական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն, ընդհակառակը, նվազել են 2,5 տոկոսով: Լավագույն դեպքում բնակչության գնողունակությունը բարձրացել է մասնավոր փոխանցումների ավելացման շնորհիվ: Բայց այդ հանգամանքը որեւէ առնչություն չունի Հայաստանյան ներքին գործոնների հետ: Ասել է, թե այս ցուցանիշը դեռ չի խոսում կառավարության իրականացրած տնտեսական հրաշքների մասին:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացումը եւս հազիվ թե շարունակական լինի. ի վերջո, այս տարվա խստաշունչ ձմեռը քաղաքացիներին ստիպեց շատ ավելի գազ ու էլեկտրաէներգիա օգտագործել: Ու հիմա, երբ եղանակային պայմանները բարելավվեն, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճը այդքան շատ չի լինի. լավագույն դեպքում կաճի այնքան, որքան ակտիվություն կլինի արդյունաբերության մեջ:
Եւ վերջապես, մեկ այլ ուշագրավ հանգամանք. երկարատեւ ընդմիջումից հետո Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք ներկրման ու արտահանման միջեւ տարբերությունը փոխվել էր հօգուտ արտահանման: Սա, ի դեպ, համարվում է տնտեսական առաջընթացի նախապայմաններից մեկը, երբ երկիրը ներկրողից արտահանող է դառնում: Այնինչ հիմա այդ տարբերությունը կրկին փոխվել է՝ հօգուտ ներմուծման. թեեւ արտահանման ծավալները ավելացել են 20 տոկոսով, սակայն կրկին զիջում են ներկրումներին, որոնք այս ընթացքում աճել են 23,5 տոկոսով: Ասել է, թե կրկին դարձել ենք ներկրող երկիր՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Իսկ մնացածը կապրենք, կտեսնենք:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԻՍԿԱԿԱՆ ՀՀԿ-ԱԿԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ անցկացվող ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մասնակցում են միայն ընտրյալները՝ հիմնականում պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց «բախտ է վիճակվում» նաեւ հնչեցնել նախօրոք մշակված հարցերը: Հասկանալի է՝ ողջ նպատակն անցանկալի հարցերից ու անհարմար իրավիճակներից խուսափելն է: Բայց միշտ չէ, որ ՀՀԿ-ականները կարողանում են ապահովել իդեալական վիճակ: Դրա վառ վկայություններից մեկն էլ Տավուշի մարզում ՀՀԿ նախընտրական հանդիպումն էր, երբ ազատամարտիկներից մեկը դժգոհել էր երկրում տիրող վիճակից ու ասել, որ ընտանիքի հետ պատրաստվում է Հայաստանից հեռանալ: Անակնկալի եկած Կարեն Կարապետյանն էլ պարզապես չի կարողացել ինքն իրեն տիրապետել ու բավական կոպիտ էր հակադարձել. «Դու հիասթափված ես, նեղված ես, դու այդ քո տրամադրությունը բոլորի վրա մի տարածի, հարցդ կոռեկտ ձեւակերպի ու մի սպառնա երկրից գնալով»: Կարճ ասած՝ Կարեն Կարապետյանն իրեն պահել էր իսկական ՀՀԿ-ականի նման. չէ՞ որ նույնկերպ մարդկանց վրա «մուննաթ էր գալիս» նաեւ Սերժ Սարգսյանը, երբ ինքն էր անցկացնում քարոզարշավը: Բայց, փաստորեն, որպես ՀՀԿ-ի թարմ, փոփոխված դեմք ներկայացող Կարապետյանն էլ ոչնչով ետ չի մնում կարկառուն կուսակիցներից: Նա էլ քաղաքացիների հետ խոսում է դու-ով եւ «վերեւից»:
ՉԻ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, եւ ինքը չի հարմարվում պետական աշխատանքին: Նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հերքեց այդ լուրը՝ ասելով, թե չի համապատասխանում իրականությանը. «Հակառակը՝ հեռահար ծրագրերով աշխատում է: Այժմ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում»: Իսկ ահա անձամբ նախարար Ալթունյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ապրիլի 2-ից հետո մնալու եք Ձեր պաշտոնին, թե ոչ, ասել է. «Ի՞նչ իմանամ, Դուք եթե հիմա մոտավորապես 2.5 միլիոնի հարցում կատարեք, կարող եք ինձ ասել՝ կմնա՞մ, թե՞ չէ»:
ՔԻՉ ԾԱԽՍԵԼՈՎ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի այս օրերին 140 հազար դրամ է ծախսել՝ 10 հազար հատ նախընտրկան թերթիկ տպագրելու համար, իսկ ահա խորհրդային 50 հատ մեծ եւ 20 հատ փոքր դրոշի եւ 80 հատ վզնոցի համար կուսակցությունը ծախսել է 351 հազար դրամ: Պաստառների տեղադրման համար էլ ՀԿԿ-ն վճարել է 166 հազար դրամ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Կոմկուսի՝ ԿԸՀ ներկայացրած միջանկյալ հաշվետվությունից: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀԿԿ-ի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 8 մլն 293 հազար 500 դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կուսակցությունը արդեն իսկ ծախսել է 6 մլն 144 հազար 752 դրամ, իսկ նախընտրական հիմնադրամի մնացորդը այս պահին կազմում է 2 մլն 148 հազար 748 դրամ:
ՆՈՐ ՋԷԿ-Ի ՀԻՄՆԱՐԿԵՔ
Սերժ Սարգսյանի ներկայությամբ երեկ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «Երեւանի ՋԷԿ»-ի հարակից տարածքում, կայացել է նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությունը: «Ռենկո» ընկերության կողմից «Երեւանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը), պատասխանատուների եւ մասնագետների հավաստմամբ՝ նախագծվել է ամենաժամանակակից եւ որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարեւոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երեւանի բնակիչների էներգետիկ ապահովության եւ բարեկեցության համար:
ԿԱՂԱՊԱՐՎԱԾ ՉԷ
Արցախում անցկացվող բլոգերների ֆորումի մասնակից, Մոսկվայից ժամանած բլոգեր Անտոն Նոսիկը, ով առաջին անգամ է Արցախում, ասել է.«Իմ աշխատանքը ազատ մտքեր արտահայտելն է: Կան ռեժիմներ, որ դա ընդունում են, կան, որ ուզում են՝ միայն իրենց կարծիքը գոյություն ունենա, իսկ մնացածի համար մարդիկ բանտ են ուղարկվում: Ես պատրաստ չեմ հաշվի նստել այս ռեժիմների հետ: Եթե նրանք ուզում են վախեցնել, ես չեմ ուզում վախենալ»: Անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի արտահանձնման իրողությանը՝ բլոգերը նշել է, որ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր: «Ետխորհրդային տարածքում Լուկաշենկոն խորամանկ քաղաքականություն է վարում: Նրա համար կարեւոր են գազի եւ նավթի շուրջ Բաքվի հետ հարաբերությունները, իսկ մարդու իրավունքները, խոսքի ազատությունը ոչ մի արժեք չեն ներկայացնում: Ես պատրաստ չեմ այս հետաքրքրությունների հետ հաշվի նստել: Ես ոչ մի կապ չունեմ ալիեւյան կլանի հետ, ինչը կկաղապարի ինձ բարձրաձայնել այն, ինչ ես մտածում եմ նրանց ռեժիմի մասին»,-ընդգծել է բլոգերը:
ՈՉ ԽԵԼԱՄԻՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը բացառում է առաջիկայում եվրոպարտատոմսերի թողարկումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարգարյանը հերքել է շրջանառվող այն լուրերը, որ մինչեւ հուլիս ֆինանսների նախարարությունը կթողարկի եվրոպարտատոմսեր: «Եթե նույնիսկ շատ մեծ ցանկություն էլ լինի, ապա այն անելու համար նախ եւ առաջ պետք է օրենքը փոփոխել: Ներկայումս օրենքը երկու սահմանափակում ունի: Հիմնական սահմանափակումը 60 տոկոսի շեմը չգերազանցելն է, բայց դրանից առաջ կա մի զգուշացում, ըստ որի՝ եթե անցնում ենք պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 50 տոկոսի շեմը, ապա չենք կարող ունենալ ավելի քան երեք տոկոս բյուջեի դեֆիցիտ: Օրենսդրությամբ մինչեւ 7,5 տոկոս հնարավոր է դեֆիցիտ ունենալ, սակայն հենց պարտքն անցնում է հիսուն տոկոսը, ապա այն կրճատվում է մինչեւ երեք տոկոսի: Այդ է պատճառը, որ նախորդ տարվա գրեթե 6 տոկոսանոց դեֆիցիտից իջանք մինչեւ 3 տոկոս: Այսինքն` կրկնակի կրճատեցինք դեֆիցիտի ծավալը, ինչն այդքան էլ խելամիտ չէ, սակայն դա օրենքի պահանջն է, եւ մենք դրան հետեւել ենք»,- նշել է պետական պարտքի կառավարման վարչության պետը:
140 ԿՐԱԿՈՑ
Մարտի 19-ին եւ լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է եղել: Այնուամենայնիվ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 140 կրակոց: