«ՔՅԱՍԻԲ» ՈԼՈՐՏԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼԸ «ՊԱՏՎԱԲԵՐ» ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ուսումնասիրել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի` մշակութային դրույթները: Այս անգամ մեզ հետաքրքրել է, թե որ քաղաքական ուժերն են անդրադարձել գրահրատարակչության ոլորտին եւ ինչ շեշտադրումներով: Այսպիսով` իրենց ծրագրերում գրահրատարակչությանը վերաբերող պարտավորություններով հանդես են եկել «Ազատ դեմոկրատները», Հանրապետական կուսակցությունը եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:

«Ազատ դեմոկրատների» ծրագրում, օրինակ, պարզապես նշվում է. «Խթանել գրահրատարակչության զարգացումը»: Իսկ ՀՀԿ-ն շեշտում է ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրամադրման ձեւաչափն ու սկզբունքները փոխելու հարցը. «Աջակցությունը տրամադրել ոչ թե ուղղակիորեն գրքի հրատարակմանը (բացառությամբ առաջին գրքերի եւ սփյուռքահայ գրականության), այլ գրողի եւ նրա ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանը: Նախատեսվում է նաեւ ստեղծել հայ գրականության թարգմանական ծրագրերի աջակցության հատուկ ֆոնդ»: Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա վերջինս անդրադարձել է գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատելու թեմային. «Նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի եւ գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպես եւ Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը՝ պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:
-Պարո՛ն Նիկողոսյան, ի՞նչ կասեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում գրահրատարակչությանն առնչվող կետերի մասին:
-Մենք այս տարիների ընթացքում բազմիցս հանդես ենք եկել, օրինակ, ԱԱՀ-ն վերացնելու հորդորներով, սակայն հաջողության չենք հասել: Պատահական չէ, որ մշակույթի, գրականության վերաբերյալ կետերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կա՛մ բացակայում են, կա՛մ քիչ են: Սա հերթական անգամ վկայում է, որ այդ ծրագրերի 99 տոկոսը կրակոցներ են օդում: Իսկ անդրադարձների մեջ ավելի շատ պոպուլիզմ եմ տեսնում: Վստահ եմ, որ այդ ուժերի ներկայացուցիչները պատկերացում չունեն ոլորտի խնդիրների մասին: Ինչ էլ ներկայացրել են, ինչ-որ տեղից լսած, թխած մտքեր են: Ուստի ոչ մի ուժի հետ հույսեր չեմ կապում: Փորձը ցույց է տվել, որ մեր երկրում գրահրատարակչությունը բարելավել են անհատները, հասարակական կազմակերպությունները, հրատարակիչները:
-Եթե Դուք նախընտրական ծրագրերը կազմելիս հանդես գայիք խորհրդատուի դերում, գրահրատարակչությանը վերաբերող ի՞նչ խնդիրներ առաջ կքաշեիք:
-Ես առաջինը կշեշտեի մշակութահենք պետություն կառուցելու խնդիրը: Ոլորտին պետք չէ գումարներ հատկացնելով ուշադրություն դարձնել: Նորմալ պետության իշխանության խնդիրը պետք է լինի բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որի պայմաններում մշակույթն ինքնըստինքյան կսպառվի, ինքը պահանջարկ կունենա եւ իր խնդիրները կլուծի: Իսկ եթե դու քո երկրում բարոյահոգեբանական գարշելի մթնոլորտ ես ստեղծում, որի պայմաններում զարգացած մարդը տեղ չունի, ինչքան ուզում ես` փող դիր ոլորտում, այն չի զարգանա: Ի վերջո, հրատարակչությունը պետք է սպասարկի հասարակության պահանջմունքները: Իսկ այսօր մեր հրատարակչությունները պահանջմունք բավարարող չեն, այլ ձեւավորող:
-Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ քաղաքական ուժերը գրահրատարակչությանը հպանցիկ են անդրադարձել. խոստումները պարտավորեցնո՞ղ կլինեին:
-Նախ` խելքները չի կտրում, եւ երկրորդ` համապատասխան մտածողություն չունեն: Այնինչ՝ ցանկացած երկրի պետականության հիմքում պետք է լինի այդ մտածողությունը: Բացի այդ` գրահրատարակչությունը մի ոլորտ է, որտեղ պետք է փող դնել, ոչ թե ուտել: Իսկ որտեղ փող ուտելու հեռանկար չկա, այդ ոլորտին չեն անդրադառնում, այս «քյասիբ» ոլորտին անդրադառնալը «պատվաբեր» չէ:

 

 

 
Ո՞ՒՐ Է «ԿՈՐԵԼ» ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ

Այն բանից հետո, ինչ երգչուհի Անահիտ Շահբազյանը ընտանիք կազմեց, սկսեց պասիվացնել իր գործունեությունը շոու-բիզնեսում: Նախորդ տարվա հուլիսին պսակադրված երգչուհուց «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` մտավախություն չունի արդյոք, որ անձնական կյանքին նվիրվելու արդյունքում կարիերան կարող է տուժել. «Նախ ասեմ, որ ընտանեկան կյանքս շատ հետաքրքիր է եւ ոգեւորիչ: Ընտանիքս անում է ամեն բան, որպեսզի առաջ գնամ»,-պատասխանեց Անահիտը:

Նա տեղեկացրեց, որ շուտով երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ` նկարահանված «Արեւ» երգի հիման վրա. «Երգն ինձ նվիրել է Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն). թե՛ երաժշտության եւ խոսքերի, թե՛ գործիքավորման հեղինակը հենց ինքն է: Ասեմ, որ նկարահանվել է ոչ ծախսատար տեսահոլովակ, որի մտահղացումն ամուսնունս է (երաժիշտ Կարեն Զադիրյանը նաեւ ռեժիսոր է-հեղ.)»,-ասաց երգչուհին:
Ինչ վերաբերում է համերգային գործունեությանը, Անահիտը նշեց, որ առաջիկայում «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ պետք է մեկնի արտերկիր` մասնակցելու բարեգործական համերգների:
Բացի այդ` երգչուհին պատրաստվում է ձեւավորել նոր բենդ եւ հանդես գալ հետաքրքիր ծրագրով. «Նախկին բենդիս հետ մշտապես ներկայացրել ենք ջազ երաժշտություն, որը, իհարկե, ընդունվում էր հանրության կողմից, բայց ես հասկացա, որ մարդիկ մեզնից ավելին են ակնկալում, միայն ջազով հնարավոր չէ նրանց գոհացնել, ուստի որոշեցինք նոր բենդիս հետ մատուցել նաեւ փոփ, ֆոլկ երաժշտություն: Հուսամ` մեր նոր նախաձեռնությունը հաջողություն կունենա»,-մեկնաբանեց նա:
Գործնական ծրագրերից զատ` Անահիտի հետ զրուցեցինք նաեւ անձնականից եւ հարցրինք` ընտանիքում համալրում սպասվում է, թե ոչ. «Դեռ ոչ, բայց հույս ունեմ, որ այս տարի անպայման ամեն բան կստացվի: Եթե նման նորություն ունենամ, հաստատ չեմ թաքցնի, ուրախ կլինեմ այդ մասին հայտնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՌԱՋԱՐԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Վերջերս ՀՀ կառավարությունը ստացել է առաջարկություն միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր եւ սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից Հայաստանում կինոյի եւ հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Առաջարկության համաձայն` դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոյի դպրոցի գործընկեր կառույց եւ երեք տարվա ընթացքում ձեռք կբերի կինոարտադրության անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: «Հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել համապատասխան առաջարկությունը եւ դրա վերաբերյալ ներկայացնել կարծիք ՀՀ կառավարության աշխատակազմ»,-կառավարության նիստում ասել է Կարեն Կարապետյանը:

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Ռուսաստանում չի հեռարձակվի «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր: Այդ մասին հայտնում է ԹպրՑՌ.ru-ն:
Ավելի վաղ ռուսական Առաջին ալիքը հայտարարել էր, որ եթե Յուլյա Սամոյլովան չկարողանա մասնակցել մրցույթին այս տարի, կմասնակցի «Եվրատեսիլ-2018»-ին:
Նշենք, որ Ուկրաինայի իշխանություններն իրենց որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ 2015թ. Սամոյլովան առանց Կիեւի թույլտվության այցելել է Ղրիմ:

 

 

ՍԻՐԱՎԵՊ Է ՍԿՍԵԼ
Հոլիվուդի գլխավոր սրտակերներից Թոմ Քրուզը նոր սիրավեպ է սկսել: 54-ամյա դերասանի «թիրախում» հայտնվել է 28-ամյա դերասանուհի Վանեսա Քիրբին: InTouch Weekly-ն տեղեկացնում է, որ Քրուզը նրա հետ նկարահանվում է «Առաքելությունն անիրագործելի է. 6» ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա 2018-ին:
«Աղջիկը Թոմին գերել է իր էներգիայով եւ հմայքով: Նա ակնհայտորեն ուզում է ամուսնանալ դերասանուհու հետ, քանի որ մինչեւ ականջները սիրահարված է»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:




Լրահոս