«Քյասիբ» ոլորտին անդրադառնալը քաղաքական ուժերի համար «պատվաբեր չէ». Արքմենիկ Նիկողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ուսումնասիրել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի` մշակութային դրույթները: Այս անգամ մեզ հետաքրքրել է, թե որ քաղաքական ուժերն են անդրադարձել գրահրատարակչության ոլորտին եւ ինչ շեշտադրումներով:

Այսպիսով` իրենց ծրագրերում գրահրատարակչությանը վերաբերող պարտավորություններով հանդես են եկել «Ազատ դեմոկրատները», Հանրապետական կուսակցությունը եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:
«Ազատ դեմոկրատների» ծրագրում, օրինակ, պարզապես նշվում է. «Խթանել գրահրատարակչության զարգացումը»:

Իսկ ՀՀԿ-ն շեշտում է ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրամադրման ձեւաչափն ու սկզբունքները փոխելու հարցը. «Աջակցությունը տրամադրել ոչ թե ուղղակիորեն գրքի հրատարակմանը (բացառությամբ առաջին գրքերի եւ սփյուռքահայ գրականության), այլ գրողի եւ նրա ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանը: Նախատեսվում է նաեւ ստեղծել հայ գրականության թարգմանական ծրագրերի աջակցության հատուկ ֆոնդ»:

Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա վերջինս անդրադարձել է գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատելու թեմային. «Նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի եւ գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպես եւ Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը՝ պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից»:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

-Պարո՛ն Նիկողոսյան, ի՞նչ կասեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում գրահրատարակչությանն առնչվող կետերի մասին:

-Մենք այս տարիների ընթացքում բազմիցս հանդես ենք եկել, օրինակ, ԱԱՀ-ն վերացնելու հորդորներով, սակայն հաջողության չենք հասել: Պատահական չէ, որ մշակույթի, գրականության վերաբերյալ կետերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կա՛մ բացակայում են, կա՛մ քիչ են: Սա հերթական անգամ վկայում է, որ այդ ծրագրերի 99 տոկոսը կրակոցներ են օդում: Իսկ անդրադարձների մեջ ավելի շատ պոպուլիզմ եմ տեսնում:

Վստահ եմ, որ այդ ուժերի ներկայացուցիչները պատկերացում չունեն ոլորտի խնդիրների մասին: Ինչ էլ ներկայացրել են, ինչ-որ տեղից լսած, թխած մտքեր են: Ուստի ոչ մի ուժի հետ հույսեր չեմ կապում: Փորձը ցույց է տվել, որ մեր երկրում գրահրատարակչությունը բարելավել են անհատները, հասարակական կազմակերպությունները, հրատարակիչները:

-Եթե Դուք նախընտրական ծրագրերը կազմելիս հանդես գայիք խորհրդատուի դերում, գրահրատարակչությանը վերաբերող ի՞նչ խնդիրներ առաջ կքաշեիք:

-Ես առաջինը կշեշտեի մշակութահենք պետություն կառուցելու խնդիրը: Ոլորտին պետք չէ գումարներ հատկացնելով ուշադրություն դարձնել: Նորմալ պետության իշխանության խնդիրը պետք է լինի բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որի պայմաններում մշակույթն ինքնըստինքյան կսպառվի, ինքը պահանջարկ կունենա եւ իր խնդիրները կլուծի:

Իսկ եթե դու քո երկրում բարոյահոգեբանական գարշելի մթնոլորտ ես ստեղծում, որի պայմաններում զարգացած մարդը տեղ չունի, ինչքան ուզում ես` փող դիր ոլորտում, այն չի զարգանա: Ի վերջո, հրատարակչությունը պետք է սպասարկի հասարակության պահանջմունքները: Իսկ այսօր մեր հրատարակչությունները պահանջմունք բավարարող չեն, այլ ձեւավորող:

-Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ քաղաքական ուժերը գրահրատարակչությանը հպանցիկ են անդրադարձել. խոստումները պարտավորեցնո՞ղ կլինեին:

-Նախ` խելքները չի կտրում, եւ երկրորդ` համապատասխան մտածողություն չունեն: Այնինչ՝ ցանկացած երկրի պետականության հիմքում պետք է լինի այդ մտածողությունը: Բացի այդ` գրահրատարակչությունը մի ոլորտ է, որտեղ պետք է փող դնել, ոչ թե ուտել: Իսկ որտեղ փող ուտելու հեռանկար չկա, այդ ոլորտին չեն անդրադառնում, այս «քյասիբ» ոլորտին անդրադառնալը «պատվաբեր» չէ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս