Քարոզարշավի ընթացքի և քաղաքական ուժերի շանսերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:
-Պարո′ն Պողոսյան, մոտենում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի տրամաբանական ավարտը: Կողքից դիտելով քարոզարշավի ընթացքը` ի՞նչ կանխատեսում ունեք, ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան և ի՞նչ համամասնությամբ:
-Նոր ընտրական օրենսգրքի նրբություններից ելնելով ` հասկանալի է, որ իշխող կուսակցությունն ամեն ինչ արել է, որ իրենք անցնեն: Ազգային ժողովում, այսպես թե այնպես, ՀՀԿ-ն կլինի: Բոլոր սոցհարցումներով և կողքից նայելով հասկանալի է, որ ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը լինելու է այնտեղ: Մնացածների վերաբերյալ պետք է ասեմ արդեն իմ ցանկությունները: Ես կցանկանամ տեսնել «Ելք» դաշինքին, «Ազատ դեմոկրատներին». քաղաքական իմաստով այս երկու դաշինքները կբալանսավորվեին իշխողին և «Ծառուկյան» դաշինքին:
-Իսկ մյուս քաղաքական ուժերի մասին ի՞նչ կասեք:
-Ցանկությունս այն է` Աստված տա` թող ինն էլ լինեն, բայց կլինե՞ն արդյոք , արդյոք Ազգային ժողովը լինելո՞ւ է այնպիսին, որ կարողանան համագործակցել, կկարողանա՞ն բոլոր վերահսկողության մեխանիզմներն օգտագործել հանձնաժողովներում, գործադիրում: Այնպես որ, ինձ թվում է` կունենանք 4 կամ 5 կուսակցություն այնտեղ, որովհետև կան այլ ձևավորված համակարգեր, ինչպես ՀՅԴ-ում, այնպես էլ Հայկական վերածնունդում: Մի կողմից էլ հարցն այն է, թե ինչ Ազգային ժողով կստանանք:
-Պարո′ն Պողոսյան, քարոզարշավի ընթացքը ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ նոր բան կար այս քարոզարշավի ընթացքում: Նկատենք, որ այս ընտրարշավը առանձնացավ ագրեսիվությամբ` ծեծ, դանակահարություն, կրակոց, ընդհուպ մինչև ձերբակալություն…
-Այնպես չէ, որ նախկինում չեն եղել: Նախընտրական արշավներից չէի ասի, որ շատ բանով է տարբերվել, նույնիսկ նախկին նախագահական թեկնածուի վրա էին փորձել մահափորձ անել. կրակոցներ կամ դանակահարություններ շատ են եղել մեծ պատմության մեջ:
Քարոզարշավում նույնպես մեծ մասամբ գտնվել են մեթոդներ, որոնք օգտագործվել են: Ի տարբերություն նախկինների` միգուցե ասեմ, որ չեն եղել, օրինակ, այն, որ մարդկանց տեղ չեն տալիս, որևէ մի հրապարակ, դահլիճ չեն տրամադրել, այդ տեսակի փոփոխություններ են եղել: Իսկ նորաձև կամ նոր ոճով ստեղծագործական քարոզարշավ երևի միայն Ելք դաշինքն է արել՝ փորձելով օգտագործել տարբեր հետաքրքիր մոտեցումներ, բայց մնացածը կրկնում էին: Ցավալի կողմն այն է, որ, այնուամենայնիվ, այս ամենի մեջ մենք չգիտակցեցինք, որ քաղաքական դիսկուրսը պետք է լիներ կիզակետում և ամեն մեկը պետք է իր սեփական ծրագիրը ներկայացներ: Առաջին օրվանից սկսեցին ավելի շատ քննադատել իրար, քան թե իրենց սեփականը ներկայացնել:
Զրուցեց Արփինե Թովմասյանը