
Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն ահազանգում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Արագածոտնի մարզի Բյուրական եւ Փարփի գյուղերի ընտրական տեղամասերում տեղի ունեցող ընտրախախտումների մասին:
Այսպես, Աղվան Վարդանյանի փոխանցմամբ` Ճամբարակում անհայտ անձինք ընտրական տեղամասերից դուրս են հանել տարբեր քաղաքական ուժերի վստահված անձանց, իսկ Փարպիում՝ խառնաշփոթ է, քաշքշուկ, որի մասին ինքն արդեն տեղեկացրել է ԿԸՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախզին:
«Աշխատանքը, որը պետք է ոստիկանությունը անի, անում են լրագրողները՝ տեղամասերից դուրս»,- նշել է ՀՅԴ անդամը, ապա հավելել է. «Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստանի» նախկին անդամ, այժմ ՀՀԿ-ի թեկնածու Բազմասեր Առաքելյանի համայնքն է Փարպին, եւ տարօրինակ է, որ այդ թեկնածուն չի հասկանում, թե ինչ է անում սեփական գյուղում»։