Հիասթափված և կոտրված ՀՎԿ-ն. «աչքերը հանելու», «կաշիները քերթելու» սպառնալիքները չունեցան ցանկալի արդյունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, հավաքելով քվեների 3.72 տոկոսը, չկարողացավ հաղթահարել սահմանված շեմը եւ կրկին հայտնվել խորհրդարանում: Եթե նախորդ խորհրդարանական ընտրություններին այնժամ «Օրիանց երկիր»-ը կարողացավ մի կերպ հաղթահարել անցողիկ շեմն ու անցնել խորհրդարան, ապա այս անգամ այդ նիշը անցողիկից բավական հեռու էր, ըստ երեւույթին, տարիների ընթացքում կա՛մ մարել է այս ուժի համակիրների վստահությունը, կա՛մ էլ նրանք պարզապես դավաճանել են իրենց կուսակցությանը:

Համենայն դեպս, «Հայկական վերածնունդ»-ի այս պարտությունը սպասելի չէր շատերի համար: Մշտապես համարվում էր, որ ՀAQՎԿ-ն՝ նախկին օեկականները, ՀՅԴ-ի նման ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, սակայն փաստը մնում է փաստ. Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում խորհրդարանում ներկյացված չի լինի:

Երեկ «Հայկական վերածնունդ»-ը լռության օր էր հայտարարել, կամ էլ գրանցած պարտության պատճառով՝ «սգո օր». կուսակցությունից որեւէ ձայն չէր հնչում: «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց այցելել կուսակցության գլխավոր շտաբ եւ այնտեղ փորձել հանդիպել կուսակցության ղեկավարներից որեւէ մեկին՝ հասկանալու համար նրանց տեսակետն ու հետագա քայլերը: Կուսակցության շտաբում, սակայն, քար լռություն էր, կարծես թե հանգստայն օր հայտարարված լիներ, կուսակցության ղեկավարներից որեւէ մեկի հետ զրուցել չհաջողվեց: «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ քիչ հետո հայտարարություն են տարածելու, եւ պետք է բավարարվենք այդ հայտարարությամբ, իրենք ավելացնելու ոչինչ չունեն:

«Քիչ հետո»-ն չուշացավ, եւ հայտարարությունն էլ սպասված բովանդակությամբ էր. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը երախտագիտություն է հայտնում իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության 58.000 քաղաքացիներին սկզբունքային դիրքորոշման եւ անկաշառ վերաբերմունքի համար: Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների եւ օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները՝ ներառյալ ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»,- մասնավորապես նշված էր հայտարարության մեջ:

Այսինքն՝ ՀՎԿ-ն եւս այս հայտարարությամբ իր պարտությունը փորձեց կապել ընտրակաշառքի եւ օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավման հետ, այնպես, ինչպես եւ պարտություն կրած մնացած քաղաքական ուժերը: Նախկին օեկականները նշել են նաեւ, որ չեն վիճարկելու ընտրությունների արդյունքները եւ չեն մասնակցելու որեւիցե հետընտրական հանրային միջոցառումների եւ հանրահավաքների: Թե ի՞նչ է անելու Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը առաջիկայում, հայտարարությունում ասված չէ:

Այսպիսով՝ «աչքերը հանելու», «կաշիները քերթելու» սպառնալիքները չունեցան ցանկալի արդյունքը, եւ ՀՎԿ-ն զրկվեց իր ներկայացրած 30 ծրագրային կետերը կյանքի կոչելու հնարավորությունից:

Վահագն Հակոբյան




Լրահոս