ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ծնունդը գրանցելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Լիդա Հարությունյան (27 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է.
-գրավոր հայտարարություն
-ծնողների (ծնողներից մեկի) եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ
-երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր
-երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ՝
-ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը, կամ
-ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ, կամ
-ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ՝ տրված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, կամ
-բժշկական կազմակերպությունից դուրս եւ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում՝ ծննդյան մասին սահմանված ձեւի գրավոր հայտարարություն՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի կողմից եւ երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանք:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: