Դեռեւս ԱԺ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խորհրդարանական ընտրություններին մասնակցել չհաջողվեց, թեեւ համագործակության նախնական համաձայնություն ձեռք էր բերվել «Ծառուկյան» դաշինքի հետ: «Ժողովուրդ»-ը Սարգսյանի հետ զրուցել է նրա պագայի եւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասին:
-Տիկի՛ն Սարգսյան, Ձեզ չհաջողվեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց, այնուամենայնիվ, որպես դեռեւս գործող պատգամավոր՝ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը եւ արդյունքը:
-Անկախ նրանից, թե մենք ինչ մոտեցում ունենք ընտրարշավի նկատմամբ կամ ընտրությունների բուն օրվա վերաբերյալ, կարող ենք միանշանակ ասել, որ ժողովուրդն իր ընտրությունը կատարեց, եւ ընտրատեղամասերում լցոնումներ, կարուսել չի եղել:
Դա դրական կարելի է գնահատել: Բայց ընտրությունների ամբողջ ընթացքը, նախընտրական ընթացքը բավականին խնդրահարույց էր, ըստ էության իշխող քաղաքական ուժի հետ մրցակցելը ռեսուրսների եւ ֆինանսների առումով ուղղակի անհնարին էր: Ինձ համար ուրախալի է, որ որոշ քաղաքական ուժեր անցան ԱԺ, գաղափարական ընտրողների միջոցով, ես կարծում եմ, որ մոտավորապես 300 հազար քաղաքացի զերծ է մնացել ճնշումներից եւ կարողացել է ազատ ընտրություն կատարել: Ես դա դրական եմ գնահատում:
-Խորհրդարան անցած ո՞ր քաղաքական ուժի համար եք ավելի ուրախ:
-Ես պիտի ասեմ, որ վստահ էի՝ «Ծառուկյան» դաշինքը պիտի անցնի, եւ շատ ուրախ եմ, որ «Ելք» դաշինքն է անցել, որովհետեւ ես կարծում եմ՝ «Ելք» դաշինքն արմատական ընդդիմություն է, եւ ԱԺ-ում շատ կարեւոր է արմատական ընդդիմության դերը, խոստումնալից է նաեւ կազմը՝ երիտասարդ, բավականին բանիմաց: Այնպես որ, ես ողջունում եմ «Ելք»-ի մուտքը: Նաեւ շատ ուրախ եմ, որ «Ծառուկյան» դաշինքը կարողացավ երկրորդ քաղաքական ուժը դառնալ:
-Երբ Ձեզ չհաջողվեց համագործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ, տեղեկություններ եղան, որ նեղացել եք եւ ցանկություն չունեք որեւէ շփում ունենալ այլեւս: Կա՞ նեղացվածություն:
-Ո՛չ, ո՛չ, ես այդ տեսակը չեմ: Այո՛, ինչ-որ բան այնպես չստացվեց, ինչ-որ, ասենք, նախնական պայմանավորվածությունը կար, բայց ես չգիտեմ, թե այնտեղ ինչ պրոցեսներ են գնացել, եւ ինչի արդյունքում, ըստ էության, իմ ներկայությունն այնտեղ անհնարին դարձավ:
Դե, կյանք է, քաղաքական պրոցեսներ են, ամեն ինչ հնարավոր է, բայց ես շարունակում եմ համակրել «Ծառուկյան» դաշինքի իմ գործընկերներին, որոնց հետ ես իրոք ճանապարհ եմ անցել: Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմությունից հատկապես «Ելք»-ը մտավ:
-Լավ, իսկ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել ապագայում:
-Առայժմ պիտի ասեմ, որ ակտիվ հանգստի մեջ եմ, զբաղվում եմ կուսակցական գործերով, հանդիպում եմ քաղաքական գործիչների հետ եւ չեմ բացառում մասնակցությունս ավագանու ընտրություններին:
-Կոնկրետ ո՞ր ուժի հետ եք պատրաստվում մասնակցել:
-Դա արդեն տեսանելի կլինի մի քանի օր հետո, բանակցություններ են գնում:
-Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ խոսքը կա՛մ «Ծառուկյան» դաշինքի, կա՛մ «Ելք»-ի մասին է:
-Դե, ճիշտ եք մտածում, շարունակեք այդպես մտածել, այդպես կլինի: Ես որեւէ մեկի դեմ բան չունեմ, որ քաղաքական ուժերը հաղթահարել են շեմը եւ մտել են ԱԺ, բոլորին արդյունավետ աշխատանք եմ մաղթում: Այնպես որ, որեւէ նախանձի եւ նեղացվածության դրսեւորում ինձ մոտ չկա, դա է իմ տարբերակը:
Հ. Գ. Տիկին Սարգսյանի հետ հարցազրույցը «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել էր ապրիլի 5-ին: Այսօր արդեն տիկին Սարգսյանն ասել է, որ ավագանու ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:
Զրուցեց Վահագն Հակոբյանը