Ինչպես հայտնի է` Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են անցնում քաղաքական 4 ուժեր. նախանական տվյալներով՝ առաջատարը ՀՀԿ¬ն է՝ 49.12 տոկոսով, որին հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները` համապատասխանաբար` 27.32, 7.77 տոկոսով, եւ ՀՅԴ-ն՝ 6.57 տոկոսով: «Ժողովուրդ»-ը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ զրուցել է ընտրությունների արդյունքների, նրա սպասելիքների եւ երկրում տիրող մթնոլորտի մասին:
-Պարո՛ն Արծրունի, շատերը կարծիք են հայտնում, որ ընտրական շրջանում ամեն անգամ կարծես «դեժավյու» են ապրում: Ձեզ մոտ է՞լ է առկա այդ զգացողությունը:
-Նախորդ եւ վերջին ընտրությունների միջեւ տարբերություն չեմ տեսնում, քանի որ կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների բնույթը նույնն է մնացել, աշխատում են նույն թիմերը` նույն ալգորիթմով, եւ արդյունքում մենք յուրաքանչյուր ընտրությունից հետո ունենում ենք նույն պատկերը, տոկոսային առումով ձայների նույն բաշխումը:
Հանրապետական կուսակցությունը երբեք չի զիջում, տեղաշարժերը հիմնականում կատարվում են մյուս կուսակցությունների մասով: Բայց բանն այն է, որ գրանցվում է շարժում, իսկ ընթացք` ոչ:
-Մի շարք կուսակցություններ հանրության ստվար զանգվածների ընտրակաշառքներ էին բաժանել, մարդկանց մի մասն էլ «երախտապարտությունից», իսկ մյուս մասը վախից դրդված ընտրել էին տվյալ թեկնածուին:
-Համենայն դեպս մեր ժողովրդի զգալի հատված ցույց տվեց, որ բարոյական հստակ կողմնորոշում ունի, այսինքն` վերցնում է գումարն ու ազնվորեն գնում, ձայնը տալիս է այն ուժին, որն իրեն կաշառել է: Իսկ վախի մթնոլորտ, որպես այդպիսին, կարծում եմ` չկա: Փոխարենը կա անպատժելիության մթնոլորտ: Բանն այն է, որ տիրող իրավիճակը խրախուսվում է իշխանությունների կողմից, մարդկանց էլ թվում է, որ իրենք ճիշտ են վարվում: Արդյունքում արձանագվում է հանրության` քաղաքացիական եւ բարոյական առումով այլասերում:
Հիշենք Ամերիկայից եկած այն երգչին, որը կուսակցական հավաքի ժամանակ խոնարհվեց ղեկավարների առաջ (նկատի ունի Ձախ Հարութին, ով ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ժամանակ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա նորից բեմ բարձրացավ ու շարունակեց ելույթը-հեղ.): Այն կողմը, որը պաշտպանում է երգչին, պնդում է, որ այդտեղ առանձնապես բան չկա, արտիստ է, խոնարհվել է: Բայց արտիստը խոնարհվում է բեմից եւ հետո չպետք է մոռանա, որ դա համերգ չէ, այլ կուսակցական հավաք, եւ նա այդ հավաքի ժամանակ ոչ թե խոնարհվեց, այլ «կզեց»: Դա, իհարկե, իր անձնական խնդիրն է, բայց բանն այն է, որ «կզելով»` նա «կզեցրեց» հազարավոր ներկաների, որոնք ընդունում են այդ ակտը եւ դրա մեջ խնդիր, նսեմացուցիչ որեւէ բան չեն տեսնում:
-Պարո՛ն Արծրունի, ամեն դեպքում, խորհրդարանում հայտնվելու են նաեւ նոր, թարմ դեմքեր: Ի՞նչ սպասելիքներ ունեք նրանցից:
-Ես կցանկանամ տեսնել, թե առաջիկայում ինչպես, ինչ մեխանիզմներով է իրագործվելու վարչապետի ասած` մշակույթի կապիտալիզացումը: Իսկ, առհասարակ, քանի որ մեր երկրում վերջին տասնամյակում իրավիճակն անփոփոխ է, որեւէ ակնկալիք չունեմ:
Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում որոշակի բաներ փոփոխության ենթակա չեն. նկատի ունեմ ոչ միայն իշխանությունների, այլեւ ժողովրդի զգալի հատվածի գործելաոճը: Ես այս ամենը փաստում եմ դառնությամբ, քանի որ մոտավորապես պատկերացնում եմ, թե առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում: Տեսնում եմ, որ ճամպրուկներն է հավաքում այն զանգվածը, որը իսկապես կարող էր շենացնել մեր երկիրը, բովանդակություն հաղորդել մեր կյանքին եւ առաջընթաց ապահովել: Այդ մարդկանց հիասթափեցնել չի կարելի:
Աննա Բաբաջանյան