ՖՈՏՈ. Ովքեր են հայկական շոու-բիզնեսի ամենաոճային տղամարդ աստղերը` ըստ Արայիկ Գաբաջյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն ներկայացրել է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային կին աստղերի հնգյակը` ըստ ոճաբան Արայիկ Գաբաջյանի: Այժմ արդեն կանդրադառնանք այն հայ տղամարդ աստղերին, որոնք տարիների ընթացքում կերտել են իրենց ոճը` ընդգծելով անհատականությունը, որոնք չեն խուսափում հետաքրքիր, համարձակ լուծումներից եւ վստահում են մասնագետներին: Արայիկի խոսքով` տղամարդ հայ աստղերն այնքան էլ հակված չեն ռիսկի դիմելու եւ ուշադրություն գրավելու. «Այդ առումով աչքի է ընկնում Անդրեն. գուցե պատճառն այն է, որ նա առաջինը ոճային ակնհայտ փոփոխությունների դիմեց: Բայց, օրինակ, Հայկոյին, բացի սեւ ու սպիտակից, այլ գույնի կոստյումով չես տեսնի. սա, թերեւս, միտված է ավելորդ ուշադրություն չգրավելուն»,-կարծիք հայտնեց նա: Ա. Գաբաջյանի մյուս դիտարկումները ներկայացնում ենք ստորեւ:

5-րդ հորիզոնական` Արամ MP3

Ամենակարեւորն այն է, որ Արամն ունի իր ոճը: Եթե նրա դեմքը տեսանելի չլինի, նայողն, այնուամենայնիվ, կկռահի, թե ով է իր առջեւ կանգնած: Երգիչն աչքի է ընկնում իր ակցենտավորված պիջակներով, որոնց վրա սովորական բրոշ չես տեսնի:

Ուղղակի Արամը պետք է իր ոճը դարձնի այցեքարտային, որպեսզի այն լինի եզակի, որը հնարավոր չէ շփոթել, ինչպես համաշխարհային աստղերից մի քանիսինը, օրինակ` Մայքլ Ջեքսոնինը:

4-րդ հորիզոնական` Էրիկ

Գուցե ոմանք կարծում են, որ Էրիկի կարճ հասակն իրեն խանգարում է, բայց իրականում հակառակն է` շնորհիվ հագուստի գրագետ ընտրության: Նա շատ ճիշտ է ընտրում պիջակի չափը, տաբատի նեղությունը, կոշիկները, որոնք միշտ կոռեկտ են, հավաք. արդյունքում ավելի բարձրահասակ է երեւում:

Էրիկի դեպքում հագուստի ընտրության հարցում ակնհայտ է գունային փոփոխությունների դիմելու, տարբեր աքսեսուարներ օգտագործելու միտումը: Նա առանձնանում է նաեւ իր սանրվածքով: Բայց ես կցանկանայի այդ առումով փոփոխություն տեսնել, որովհետեւ որքան հիշում եմ՝ Էրիկի սանրվածքը նույն չափի է, ունի թաց էֆեկտ: Հետաքրքիր կլիներ երգչին տեսնել կարճ սանրվածքով:

3-րդ հորիզոնական` Հրաչ Մուրադյան

Կես կատակ-կես լուրջ, նա իր «ֆիշկան» է դարձրել ամառ թե ձմեռ գուլպա չհագնելու հանգամանքը: Սա կոշիկը ներկայացնելու հետաքրքիր ձեւ է:

Հիշում եմ նաեւ, որ տարիներ առաջ մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ Հրաչը կրել էր կոշիկից կտրուկ տարբերվող գույնի նասկի. սա եւս յուրահատուկ ակցենատավորում էր: Հրաչը պարբերաբար օգտագործում է նաեւ կրծքի ոճային բրոշներ:

2-րդ հորիզոնականը կիսում են Միհրան Ծառուկյանն ու Նարեկ Բավեյանը

Միհրանը վերջին շրջանում թերանում է, բայց ես հիշում եմ, որ տարիներ առաջ տեսահոլովակներից մեկի շրջանակում աշխատելիս նա չէր խուսափում վստահել ոճաբանին:

Հիշում եմ, որ նա տեսահոլովակում կրում էր ծաղկավոր թեւքերով բլուզ` Դիանա Շատվերյանի հավաքածուից: Դա այն ժամանակների համար ռիսկային քայլ էր, որին, սակայն, Միհրանն անմիջապես համաձայնեց:

Չեմ կարող չնշել նաեւ Նարեկ Բավեյանի անունը, ով այն եզակի աստղերից է, որը գիտի, թե ինչ հագնի առօրյայում եւ ինչ` բեմում: Նա մեքենայում միշտ ունի բեմական հագուստ, հստակ գիտի, թե որն է իր ոճը:

Եթե Նարեկը նույնիսկ ջինսով լինի եւ բլուզով, կարող է հետաքրքիր մի պիջակի միջոցով բեմական կերպարն ամբողջական դարձնել:

1-ին հորիզոնական` Ավետ Բարսեղյան

Միգուցե Ավետի` ոճային լինելու պատճառն այն է, որ նա ստիպված է հաճախ երեւալ եթերում: Գլխարկների, շարֆերի ու ծխամորճի միջոցով հաղորդավարը ստեղծել է ինտելեկտուալ մի կերպար, որն իր դեպքում տեղին է: Միայն թե Ավետի ոճում մի լուքի մեջ մի քանի ֆակտուրաների, կտորների միախառնում կա:

Եթե ես նրա հետ աշխատելու լինեի, խորհուրդ կտայի, օրինակ, պիջակների գույները փոխել, բայց տաբատը թողնել միագույն, կամ հակառակը: Ավետը շատ է ակցենտավորում նաեւ նախշերը. նրա փոխարեն նախշը նախշի հետ ավելի քիչ կհամադրեի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս