ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ այս տարի Ծաղկազարդը նշվում է ապրիլի 9-ին: Խնդրում եմ՝ մի փոքր մանրամասնել այս տոնի խորհուրդը:
Աիդա Մնոյան (29 տարեկան, ուսանողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն»: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու եւ արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան:
Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական սուրբ պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրը Արեւելքից մոգերի բերած ընծաները:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիսուս Քրիստոսը մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով իր փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը եւ կենդանություն պարգեւում: Հիսուս եկավ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու եւ կույրերին տեսողություն պարգեւելու, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն: