Ալթունյանը պնդում է՝ մանկական մահացության դեպքերը նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան բժշկական կենտրոններում շարունակվում են նորածինների մահվան դեպքերը` հարուցելով քաղաքացիների դժգոհությունը և խորացնելով բժիշկների նկատմամբ անվստահությունը:

Ապրիլի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր նորածին, եւ երեխայի հարազատները կրկին մեղադրում են բժիշկներին: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Պարո՛ն Ալթունյան, հիվանդանոցներում նորածինների մահվան դեպքերը շարունակվում են, ինչ քայլեր եք ձեռնարկում, ի վերջո, Ձեր կողմից ստեղծված հանձնաժողովներն արդյունք չեն տալիս, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:

-Մենք ոչ թե պետք է խոսենք մահվան լինելու կամ չլինելու մասին, այլ մահվան քանակի տոկոսների աճի կամ պակասելու մասին: Այսօր մենք Հայաստանում միտում ունենք պակասելու:

-Վիճակագրական տվյալները այլ բան են ասում, բայց առավել մտահոգիչ է պատասխանատվության հարցը:

-Բաղադրատոմս մեկն է՝ ուսուցողական պլանները, ուսուցման, քննությունների վերահսկողության լավացում եւ, ի վերջո, դեղորայքի կատարելագործում:

-Հիմա կոնկրետ ի՞նչ եք անում Դուք, օրինակ, կան բժիշկներ, որոնք նախկինում ազատազրկման են դատապարտվել, բայց շարունակում են աշխատել եւ կրկին նրանց մեղադրում են նորածնի մահվան մեջ: Այս տարվա հունվարի 29-ին Արմավիրի ԲԿ-ում մահացել էր նորածին, եւ երեխայի ծնողները կատարվածում մեղադրում են Արմավիրի բշժկական կենտրոնի բժիշկ, երկու անգամ դատապարտված Նշան Գեւորգյանին:

-Բայց ի՞նչ պետք է աներ:

-Չգիտե՞ք:

-Դուք կարող եք ասել՝ այս կամ այն դրույթներով, օրենքներով կամ ենթաօրենսդրական դրույթներով նախարարությունը կարող էր անել այս քայլը, բայց զլացել է:

-Փաստ է մեկ բան, որ մինչ օրս որեւէ բժիշկ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ պատժվածներն էլ պատժից հետո շարունակում են մարդկային կյանքեր խլել:

-Հասկանում եմ, բայց նախարարությունը կատարում է իր պարտականությունները՝ համաձայն ֆիքսված պլանով, նույնը անում է դատախազությունը, նույնը՝ քննչական մարմինները:

-Ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունը հրաժարական է տալիս, եւ Դուք լինելու եք ժամանակավոր պաշտոնակատար, նոր ձեւավորվելիք կառավարությունում Ձեզ տեսնո՞ւմ եք:

-Եթե իմ պլաններին հավանություն տան, միգուցե, այո՛:

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ հավանության կարժանանա:

-Չեմ կարող ասել:

-Դուք Ձեզ ուզո՞ւմ եք տեսնել:

-Իհարկե, ուզում եմ:

Ի դեպ, 2016թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է հետևյալ պատկերը

մանկական մահեր (0-1 տարեկան) 2014թ. 376 2016թ. 356

0-5 տարեկան երեխաների մահեր 2014թ. 439 2016թ. 411

Ինչպես երևում է, 2 տարված ընթացքում մանկական մահերը նվազել են 20-ով, իսկ 0-5 տարեկան երեխաների մահերը` 28-ով:

Քնար Մանուկյան




Լրահոս