Սերժ Թանկյանը կիսվել է Հայաստան ու Արցախ կատարած այցերի տպավորություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ System of a Down ռոք-­խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #եկԱրցախ ակցիային` կոչ անելով այցելել Արցախ: Այս մասին նա գրառում է կատարել ինստագրամի իր էջում` կիսվելով այցի շրջանակում կատարած լուսանկարներով:

Կիսվելով Արցախի Հանրապետության սահմանին արված լուսանկարով` Թանկյանը նշել է. «Այս նշանն ասում է` Ազատ Արցախը ողջունում է ձեզ»: Թանկյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ լուսանկար է հրապարակել ու գրել է. «Ես Էրիկ Նազարյանի, Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի հետ վերջին 10 օրն անցկացրեցի Հայաստանում և Արցախում: Կարոտում եմ ամեն պահը, որն ապրել ենք միասին, քանի որ դա մոգական էր, խելահեղ ու անհավատալի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հետևեցին մեր կոչին` դառնալու դիտորդներ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Մենք դեռ շատ աշխատանք ունենք այնտեղ անելու` ստանալու ժողովրդի այն տեսակը, որի մասին բոլորս երազում ենք»:

Նա նաև կիսվել է Արցախում ունեցած հանդիպումներով` նշելով, որ այնտեղ հանդիպել են հիասքանչ մարդկանց: «Ընտրություններից հետո ես ու ընկերներս մեկնեցինք Արցախ, որտեղ հրաշալի մարդկանց հանդիպեցինք. նաև այս 80-­ամյա Դիվային, որն ազգագրական երգ երգեց և պարեց մեզ համար: Ես հավերժ կպահեմ այս հիշողությունները»,­- ընդգծել է նա:




Լրահոս