ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի տնօրենը դրամահավաքություն է իրականացնում. բաց նամակ Լևոն Մկրտչյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծարգո պարո՛ն նախարար,

Ձեզ ենք դիմում ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի 12-րդ ավարտական դասարանի մի խումբ ծնողներով: Հաշվի առնելով, որ դպրոցներում մոտենում են ավարտական վերջին զանգի միջոցառումների ամենամյա արարողություններն ու դրանց հետ կապված նախապատրաստությունները՝ ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել կոնկրետ մեր  դպրոցում այդ առիթով իրականացվող մի շարք անարդարությունների վերաբերյալ:

Նշված դպրոցում տնօրինության կողմից (տնօրեն՝ Ա.Մարուխյան) ստիպողաբար իրականացվում են տարբեր դրամահավաքներ, պարտադրվում են հավելյալ  չհիմնավորված  ծախսեր և վճարումներ՝ անտեսելով ծնողների  կարծիքը և հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների ցանկությունները:

Սոցիալական այս բարդ իրավիճակում, երբ առանց այդ էլ ծնողները լուրջ գումարներ են ծախսում իրենց երեխաներին անհրաժեշտ գրականություն, շտեմարաններգնելու, ինչպես նաև ավարտական միջոցառումներ կազմակերպելու համար, լրացուցիչ գումարներ հատկացնել  ինչ-որ անհեթեթ մագիստրոսական գլխարկներ գնելու (որը արժի 3000 դրա և, որքան էլ զավեշտ թվա, նախատեսված է ուղղակի մի պահ նկարվելու համար), զանգակներ պատվիրելու (2000 դրամ, որի շուկայական արժեքը 500 դրամ է), տնօրենին անհատական նվեր մատուցելու համար (այդ նպատակով  յուրաքանչյուր աշակերտից պահանջվել է 10 000 դրամ)  և այլն, համարում ենք, մեղմ ասած, անընդունելի և հակամանկավարժական: Հավելենք նաև, որ այս բոլորը արվում է բացահայտ պարտադրանքով և «դպրոցական ավանդույթ» անվան տակ:

Լավ իմանալով Ձեր դիրքորոշումը նմանօրինակ հարցերի վերաբերյալ՝ հույս ենք հայտնում, որ մեր դիմում-բողոքը անպատասխան չի մնա, և Դուք համապատասխան միջոցներ ձեռք կառնեք այս անօրինությունները կանխելու համար, որի համար կանխավ  շնորհակալ ենք:

Հուսով ենք, որ մենք ստիպված չենք լինի դիմել պայքարի այլ տարբերակների և այլ մարմինների:

ՃՇՀԱՀ Մ Աբեղյանի անվան թիվ 3 հենակետայինավագ դպրոցի մի խումբ ծնողներ




Լրահոս