Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից:
Ինչի՞ արդյունք է սա, հայ-ռուսական հարաբերությունների լավացմա՞ն, թե՞ ոչ, ArmLur.am-ը փորձեց պարզել տնտեսագետ Վարդան Բոստանջյանից:
«Հասկանալի է, որ եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդման առումով, թերեւս, բոլոր անդամ երկրների համար ամենաթանկը մնում են տրանսպորտային ուղիները: Այդ կտրվածքով ստեղծվում են բազմաթիվ խոչընդոտներ` ապրանքափոխանակության, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժի կտրվածքով: Բոլոր անդամ երկրները և Հայաստանն այդ կտրվածքով չափազանց մեծ անհրաժեշտությունների առաջ են կանգնած: Հիմա հասկանալի է` այդ սակագների իջեցումը կարող է կարևոր խթան հանդիսանալ և′ ապրանքափոխանակության ծավալի մեծացման, և′ մարդկային տեղաշարժերի համար»,- ի պատասխան` մեր հարցի ասաց նա:
Նրա խոսքով` ծավալուն փոխադրումների համար երկաթգիծը եւս կարևոր է, ինչը նաև Վրաստանին է պատճառում մեծ վնասներ:
«Ամենայն հավանականության, տեսանելի ապագայում պետք է նաև այդ մայրուղիները բացել: Եւ, բնականաբար, համագործակցության եզրերը կընդլայնվեն, տրանսպորտային ծախսերի իջեցմանը զուըգընթաց կմեծանա տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների մոբիլությունը»,- ասաց տնտեսագետը:
Բոստանջյանի հավելմամբ` այս դեպքում եւս անդամ երկրների հարաբերությունները մեր կամքից անկախ կամրապնդվեն և կուժեղանան:
Արփինե Թովմասյան