«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի թեկնածու, ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի մարզում առաջադրված Առուշ Առուշանյանը հայտնվել է աղմկոտ մի միջադեպի առանցքում: Լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, որ Առուշ Առուշանյանը եւ նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Araratnews.am կայքի փոխանցմամբ`դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր եւ ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը: Նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարեւանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանի հետ, այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին, սակայն նրան չեն կարողացել հայտնաբերել տանը՝ եւ դրա փոխարեն հարվածներ են հասցրել Դավթյանի կնոջ ձեռքերին:
ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ այդ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ քննություն է ընթանում:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այսօր Առուշ Առուշանյանը եղել է ոստիկանությունում եւ պնդել, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Մեր տեղեկություններով՝ միջադեպ իրականում եղել է, բայց դրդապատճառներն ավելի խորն են եղել. դրանք առնչվում են նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնի հետ: Առուշանյանների եւ Խաչատրյանի հարաբերությունները լարված են եղել դեռ նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում:
Հիշեցնենք, որ հայտնի Սդղի գյոլի միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի վարորդի տղան ծեծի էր ենթարկել Առուշ Առուշանյանի հորը պատկանող շինանյութի խանութի աշխատակիցներից մեկին:
Այս անգամ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում սատարել է Աշոտ Արսենյանին եւ փորձել է անել ամեն բան, որ Գորիս քաղաքում Աշոտ Արսենյանը բացարձակ հաղթանակ տոնի, բայց քվեարկության արդյունքներով մարզպետ Վահե Հակոբյանն ու Առուշ Առուշանյանը միասին ավելի շատ ձայն են ստացել, ինչը դուր չի եկել Սուրիկ Խաչատրյանի թիմին: Սա էլ եղել է միջադեպի շարժառիթը, իսկ թե ինչպես է ծագել բուն միջադեպը մեզ առայժմ հնարավոր չեղավ այլ մանրամասներ պարզել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: