Երբեք որևէ կուսակցության անդամ չեմ դառնալու. Երվանդ Երզնկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին իր համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների թվում են մշակույթի գործիչներ, արվեստագետներ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի հետ:

«Պետք է անեմ հնարավորը՝ այս քաղաքի վիճակը լավացնելու համար: Ես այստեղ ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում: Ցուցակում ընդգրկվելու առաջարկը եղել է քաղաքապետի կողմից, ես ընդունել եմ այն: Եթե առաջարկը լիներ մեկ ուրիշի կողմից, էլի կընդունեի, բայց նման բան չի եղել: Քաղաքի զարգացման դինամիկան այնքան էլ արագընթաց չէ, ահագին հարցեր կան, որոնք ենթակա են լուծման, բայց տեսնում եմ, որ Տարոն Մարգարյանն ուզում է լավացնել վիճակը. ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ. պետք է օգնենք նրան: Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ անկուսակցական մարդ եմ, նույնիսկ ժամանակին Կոմունիստական կուսակցության անդամ չեմ եղել: Ինձ համար կարեւորը կուսակցությունը չէ, այլ այն, որ ինչ-որ բան անեմ: Իհարկե, ՀՀԿ-ն ունի սխալներ, կան բաներ, որոնք դուրեկան չեն, շատերին վանում են, բայց ես հիմա տեսնում եմ դրական միտումներ եւ հույս ունեմ, որ կկարողանամ ինչ-որ բան անել: Սակայն երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ դառնալու»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հանրապետական եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը:
Հավելենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, սակայն, նա՝ իմանալով, որ ՀՀԿ-ի ցուցակում է, անակնկալի է եկել եւ նշել, որ չգիտեր այդ մասին: Նա նույնիսկ խոստացել է «լուծել այդ հարցը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս