Արդեն երկու օր է՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից «Տարոն Ավիա» ավիափոխադրողը սկսել է թռիչքներ իրականացնել: Նախօրեին «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարեց «Տարոն-Ավիայի» Մհեր Մկրտչյանի անվան ինքնաթիռը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի առայժմ 3 ուղղություններով՝ դեպի Ռոստով, Սամարա, Կրասնոդար քաղաքներ: Ավիաընկերությունը մտադրություն ունի կարճ ժամանակ անց «Տարոն-Ավիա»-ի օդանավերով հասնել նաեւ Եվրոպական երկրներ: Ի դեպ, ընկերությունը հավաստիացնում է, որ իր առաջարկած ավիատոմսերի սակագները ցածր են լինելու նույն ուղղություններով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջարկվող սակագներից: Սահմանված է հնարավոր նվազագույն շեմը. ամիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից: Անկախ տոմսի գնից առանց հավելավճարի ուղեւորները հնարավորություն կունենան ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ: Ի դեպ, տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
«Տարոն-Ավիա» ընկերությունն իր գոյության մասին հիշեցրեց դեռես 2015 թվականին, երբ տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ արդեն սնանկացած «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջեւ հայտնի միջադեպը: Մամուլում գրվեց, որ այս ընկերությունը երկար ժամանակ չի կարողացել «Էյր Արմենիայի» տնօրենից ստանալ իր պարտքը (թե ինչպես է կուտակվել այն, հայտնի չէ), դիմել է քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ, այսպես ասած, հեղինակությունների (տվյալ դեպքում՝ Ռ. Հայրապետյանին), որոնք մեր երկրում հանդես են գալիս «արբիտրաժային» դատարանի դերում: Ըստ այդ «դատարանի» օրենքների՝ քրեականները կանչում, անպարտելի թվացողներից գումարը «ստանում են»՝ ակնկալելով պարտքատիրոջից համապատասխան վերաբերմունք:
Իսկ ո՞ւմ է պատկանում «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ ընկերության միակ սեփականատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաեւ ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե: Ինչպես հայտնի է՝ նա երկար ժամանակ Հայաստանում չի եղել, փոխարենը չվերթներ է իրականացրել Արաբական Էմիրություններում: Իսկ Տարոնը Գ. Պապիկյանի որդին է: Իհարկե, հասկանալի է, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն ունի նաեւ իրական սեփականատեր, որը այնպիսի ազդեցիկ դեմք է, ով կարողացել է տարիներ շարունակ խաբել Հայաստանի Հանրապետությանը եւ մնալ անպատիժ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից շատերը գործունեություն են ծավալում արտերկրում, սակայն գրանցվում են Հայաստանում, քանի որ դա անվճար է: Այս խնդրին տարիներ առաջ՝ 2009թ., անդրադարձել էր նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը եւ բացահայտումներ արել: Տարբեր տվյալներով, օրինակ, ԱՄԷ-ում գանձվում է պետտուրք՝ 382 մլն դրամ, Մեծ Բրիտանիայում էլ՝ 1,1 մլրդ դրամ: Բացի դրանից՝ պարզվել էր, որ այստեղ գրանցված, բայց դրսում գործող ընկերությունները ՀՀ պետբյուջե մուծում են չնչին հարկեր:
Մասնավորապես՝ ՎՊ-ի ստուգումների արդյունքում պարզվել էր, որ 2007-2008 թթ. Հայաստանում գրանցվել, սակայն արտերկրում են աշխատել 9 ընկերություն՝ «Էյր Հայնեսսես» ՍՊԸ, «Միապետ-Ավիա» ՍՊԸ, «Տարոն-Ավիա» ՍՊԸ, «Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ, «Քլիք Էյրվեյզ Ինթ.Լ» ՍՊԸ, «Հայք Ավիա» ՓԲԸ, «Ֆենիքս Ավիա» ՍՊԸ, «Վերթիռ» ՍՊԸ, «Բլյու Էյրվեյս» ՍՊԸ (ներկայում լուծարված է): Սրանք երկու տարում ընդհանուր շահագործել են մոտ 60 ինքնաթիռ եւ ՀՀ պետբյուջե մուծել ընդամենը 37.2 մլն դրամ հարկ (շահութահարկ եւ այլ վճարներ): Ըստ ՎՊ-ի՝ դեռեւս 2009-ին մեր երկրում գրանցված 9 ավիաընկերությունները, որոնք գործունեություն են ծավալել արտերկրում, ամիսներով անգամ մեկ դրամ շահութահարկ չեն վճարել: Իսկ 2007-ի օգոստոսի 10-ին գրանցված «Տարոն-Ավիա» ընկերությունը, որը 2007-ին ունեցել է 1, իսկ 2008-ին՝ 4 ինքնաթիռ, այդ 2 տարվա ընթացքում զրո դրամ շահութահարկ է վճարել:
Լրագրողների հարցին՝ ո՞վ է համոզել ներդրում անել եւ «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել, ընկերության տնօրեն Գ. Պապիկյանը պատասխանեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո է կայացրել իր այս որոշումը: հարցին էլ՝ եթե բիզնեսը չարդարացրեց, Հայաստանից կգնա՞, Պապիկյանը արձագանքեց. «Եթե բիզնեսը չարդարացրեց, հո՞ ինքնաթիռները չպիտի գրկեմ, ստեղ նստեմ»: Ապա հորդորեց հայրենասիրությունը չշփոթել բիզնեսի հետ:
Ինչեւէ, թվում է, թե «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատերը այս անգամ հստակ որոշել է իր հայրենի երկրում բիզնես-գործունեություն ծավալել: Մեզ մնում է հուսալ, որ ընկերությունը նախորդ տարիների գործելաոճ չի կիրառի եւ պատշաճ կարգով կկատարի իր հարկային պարտավորությունները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ