Վանաձորցի բազմանդամ ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորցի Լուսինե Գրիգորյանի բազմանդամ ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում: Ընտանիքում բնակվում են տիկին Լուսինեն ամուսնու և 5 անչափահաս երեխաների հետ, որոնցից 4-ը դպրոցական են: Ավագ որդին 13 տարեկան է, փոքրը՝ 2: Դպրոցական երեխաները առաջին իսկ օրվանից հաճախում են Վանաձորի գիշերօթիկ դպրոց: Մոր խոսքով՝ հագուստ ու կենցաղային պայմանների բացակայության պատճառով.

«Երեխեքս դպրոցի տված շորերն են հագնում, տանն անգամ բաղնիք չունենք, որ ոնե լողացնենք»,-ասում է Լուսինեն: Ընտանիքն ապրում է երեխաներին տրվող նպաստով ու ամուսնու հաշմանդամության թոշակով: Երեխաներից փոքրը ևս առողջական խնդիրներ ունի, ինչի հետևանքով հաճախ է հիվանդանում. »Ամուսինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հիմա էլ երիկամների վիճակն է վատացել, մի երիկամը չի գործում, մյուսն էլ՝ մասամբ», – նշում է նա:

Բնակարանը, որտեղ ապրում են, անբարեարգ մի շինություն է, որը նորոգման կարիք ունի, սակայն բազմանդամ ընտանիքը չի հասցնում ոչ միայն երեխաների առօրյա հոգսերը հոգալ, այլ նաև՝ բնակարանի նորգման մասին մտածել. «Տունը ահավոր խոնավ է, անձրևները որ գալիս են, լռիվ տուն են լցվում, թե տանիքից է ջուրը ներց լցվում, գետնից: Ոչ մի հարմարություն չունենք, իրար գլխի են երեխեքը քնում»:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ ներկայումս կալանք է դրված անգամ ամուսնու հաշմանդամության թոշակի վրա, ինչի պատճառը բանկերից վերցված վարկի ուշացումն է: 5 երեխա ունեցող ընտանիքն անգամ էլեկտրականության աբոնեմենտ չի կարողանում դառնալ՝ 45 հազար դրամ գումարի պատճառով: Հոսանքը վերցրել են սկեսրոջ տանից, ում հետ պարբերաբար վիճաբանությունների մեջ են մտնում ոչ միայն հարս ու սեկսուր, այլ նաև՝ մայր ու տղա:

Լուսինեն մի խնդրանք ունի՝ գոնե սեփական աբոնենտը ունենա, որ ամենօրյա դարձած վիճաբանություններից ամուսինը հեռու մնա և էլ ավելի չվատացնի առողջական վիճակը: «Ամուսինս դեղերով ա ապրում, 25 հազար դրամից ավել մենակ դեղի փող ենք տալիս ամեն ամիս, հիմա պետք է գնա նորմալ հետազոտվի, կամ երիկամը կհեռացնեն, կամ չգիտեմ ինչ կլինի»,-ասում է Լուսինեն ու շտապում ավելացնել, որ չնայած առողջական խնդիրներին, ամուսինը օրավարձով բանվորի աշխատանքներ է կատարում. «Գնումա մի քանի հազար դրամով հողագործություն անում, բանվորություն անում, որ մի քանի կոպեկ բերի կարողանանք երեխեքին նորմալ պահենք», – եզրափակեց նա:

Էդվարդ Արզումանյան

Վանաձոր




Լրահոս