«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ն դիմել է Վարչական դատարան. ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ շարունակվում են դատական հայցերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 10-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ  դատարանը ոչ իրավաչափ ճանաչի թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի անգործությունը:

Պարզեցինք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ՀԿ-ի Դիտորդ Օժենի Ավետիսյանը վերոնշյալ  ընտրատեղամասում արձանագրել է, որ միեւնույն անձը երեք անգամ ինքնուրույն քվեարկել է այն անձանց համար, որոնք օգնության կարիք են ունեցել: Արդյունքում դիտորդը թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովին տեղյակ է պահել ստեղծված իրավիճակի մասին եւ պահանջել կազմել համապատասխան արձանագրություն, սակայն հանձնաժողովականները հրաժարվել են:

Այդքանից հետո հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովին՝ արձանագրելու դիտորդի գնահատականը: Այս գործով դատական նիստերը կայացել են, եւ առաջիկայում կհրապարակվի վճիռ: Ի դեպ, սա կարեւոր է՝ եւս մեկ անգամ ապացուցելու, որ ապրիլի 2-ի ընտրություններին իշխանություններն ըստ էության վերահսկել են, թե ով ինչպես է քվեարկում:




Լրահոս