Ովքե՞ր են հայկական շոու-բիզնեսի ոչ ոճային աստղերը` ըստ Արայիկ Գաբաջյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային կին եւ տղամարդ աստղերին, ներկայացրել նրանց հագուկապի, վարսահարդարման, դիմահարդարման մասին մասնագետի տեսակետը: Իսկ այս անգամ ոճաբան Արայիկ Գաբաջյանն առանձնացրել է ոչ ոճային աստղերի թոփ 5-յակը: Նրա մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորեւ:

5-րդ հորիզոնական` երգչուհի Ալլա Լեւոնյան

Չնայած որ վերջին շրջանում այս երգչուհին դիմել է քթի պլաստիկ վիրահատության, նրա ոճում ոչինչ չի փոխվել: Լավ կլիներ, եթե նա բեմում հագնվեր իր ներկայացրած երգին համահունչ, հանդես գար սանրվածքի փոփոխությամբ: Մի պահ Ալլան ժանրային առումով էքսպերիմենտի դիմեց, որը բուռն կերպով ընկալվեց հանրության կողմից: Այդ ամենը, սակայն, երկար չտեւեց:

Եթե ես լինեի նրա ոճաբանը, կփոխեի մազերի կտրվածքը, կցանկանայի տեսնել նրան կարճ սանրվածքով: Այդ դեպքում մազերի խնամքը երկար ժամանակ չէր պահանջի, եւ երգչուհին էլ միշտ «ֆորմայի» մեջ կլիներ: Ալլայի մազերի գույնը, ամեն դեպքում, կարծում եմ, նորմալ է, զգալի փոփոխություն այդ առումով չէի անի: Կարծում եմ` շատերը կհամաձայնեն, որ երգչուհու զգեստները միատոն են. նա կարող է անգամ կրել նույն զգեստի տարբեր գույները: Իսկ որ ամենակարեւորն է` Ալլան կրում է սխալ կտրվածքով զգեստներ, ինչի հետեւանքով գեր եւ կարճահասակ է երեւում: Նրան խորհուրդ կտայի հագնել ոչ թե կրծքի տակից, այլ գոտկատեղից սկսվող կտրվածքով զգեստներ:

4-րդ հորիզոնական` երգչուհի Աննա Խաչատրյան

Այս երգչուհին չգիտի ինչպես հագնվել, որտեղ ինչպես ներկայանալ: Նրա ոճն անփոփոխ է: Չեն փոխվում մազերի ո՛չ գույնը, ո՛չ կտրվածքը: Աննան ունի գեղեցիկ կազմվածք, որը կարելի է հրաշալի կերպով ընդգծել, այնինչ՝ նա նախընտրում է ծաղկավոր, զոլավոր հագուստներ, որոնք բեմը չի սիրում:

3-րդ հորիզոնական` երգիչ Գուրգեն Դաբաղյան

Գուրգենը վառ կերպար չէ: Ինչ-որ բան կիսատ է: Գույները եւս երգիչը ճիշտ չի ընտրում: Նա կարող է կրել այնպիսի հագուստներ, որոնք չեն համընկնում իր մաշկի գույնի հետ: Բացի այդ` դասական տաբատի հետ Գուրգենը կարող է համադրել կիսադասական վերնահագուստ, նա կարող է հագնել շատ տարօրինակ նախշերով շորեր, հայկական զարդանախշերով վերնաշապիկը կարող է համադրել կեդերի հետ: Մի խոսքով` երեւում է, որ դեռեւս չի գտել սեփական ոճը:

2-րդ հորիզոնական` դերասանուհի Լուիզա Ղամբարյան

Լուիզան միշտ ընտրում է հետաքրքիր աքսեսուարներ, բայց չունի ուրույն ոճ: Նա կարող է կրել ճիշտ ընտրված աքսեսուար, բայց դեմոդե պիջակի հետ: Դերասանուհին հագնում է երկար բաճկոն` լայն տաբատով, այնինչ՝ կարելի էր գոտկատեղն ընդգծող ինչ-որ բան ընտրել: Լուիզայի սանրվածքը վերջին տարիներին գրեթե նույնն է:

Մի պահ միայն նա փորձեց հանդես գալ ավելի կարճ սանրվածքով, որով դերասանուհու դեմքն ավելի վառ էր: Լուիզան ունի նուրբ զարդեր, որոնցից մի քանիսը ես շատ եմ հավանում:

1-ին հորիզոնական` երգչուհի Ջուս

Այս երգչուհու պարագայում ամեն ինչը շատ է: Նա հագնում է մորթե թիկնոց, կաշվե տաբատ` նորից մորթե գոտու հետ, կամ փայլուն կիսաշրջազգեստ` փայլուն կոշիկի եւ պայուսակի հետ: Եթե երգչուհին համապատասխան առիթի դեպքում ուղղակի կրի կոկտելային զգեստ, մազերը թեթեւ հարդարի եւ հանդես գա վառ դիմահարդարմամբ, դա կլինի ընկալելի: Պետք չէ վառ կերպով ակցենտավորել ե՛ւ հագուստը, ե՛ւ սանրվածքը, ե՛ւ դիմահարդարումը:

Բայց Ջուսը հաճախ ընկալվում է որպես վուլգար կերպար, այնինչ՝ նրա քայլերը պարզապես անճաշակության դրսեւորում են: Իհարկե, ողջունելի է, որ երգչուհին դիմում է կտրուկ փոփոխությունների, բայց ամեն բան պետք է ունենա չափ, ձեւ եւ մատուցելու ճիշտ տեղ: Վերջերս Ջուսը ներկայացավ մազերի կարճ կտրվածքով, որը շատ է սազում նրան, բայց երգչուհին ավելի գեղեցիկ է, երբ մազերը հատուկ չի լաքում, այլ նախընտրում է դրանք թողնել բնական տեսքով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս