Խորենի շնորհիվ ամեն բան հեշտ անցավ. պատերազմ և սեր` «Եղնիկների կածանում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն էկրաններին է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի՝ 20-մասանոց ֆիլմը՝ «Եղնիկների կածանը»: Ֆիլմի հիմքում ընկած է քառօրյա պատերազմին նախորդող ու հաջորդող իրադարձությունների դրաման եւ ճակատագրական շրջադարձերի միստիկան: Նոր ֆիլմի սյուժեում իրական դեպքեր են եւ հերոսներ:

Ներկայացվող պատմությունը 2014-ի նոյեմբերից հասնում է մինչեւ ապրիլյան դեպքեր, այն ռազմական մսաղացում հայտնված մարդու սիրո եւ կյանքի մասին է: «Եղնիկների կածանում» նկարահանվել են Խորեն Լեւոնյանը, Աիդա Թորոսյանը, Հրաչյա Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան: Վերջինիս հետ «Ժողովուրդ»-ը զրուցել նրա կերպարի, ռեժիսորի, խաղընկերների հետ առաջին անգամ աշխատելու եւ այլ թեմաների շուրջ: Դերասանուհին խոստովանել է, որ զուգընկերոջ հարցում իր բախտը բերել է:

-Ռոզի՛, առաջին անգամ էիք խաղում Խորեն Լեւոնյանի հետ: Որպես էկրանային զույգ՝ ի՞նչ դժվարությունների միջով անցաք, ինչպե՞ս եք գնահատում համատեղ աշխատանքի վերջնական արդյունքը:

-Մեր աշխատանքային պրոցեսը բավական հեշտ էր, կարծում եմ՝ շնորհիվ Խորենի. նա իր մոտեցումներով բավականաչափ հեշտացնում էր իմ եւ իր գործը:

-Դուք նկարահանվել եք «Սահմանին» սերիալում, որտեղ եւս արծարծվում էր պատերազմական թեման: Ինչո՞վ են տարբերվում այս երկու ֆիլմերում Ձեր կերտած կերպարները:

-Կինոյում պատերազմի թեման ինձ արդեն ծանոթ է, ինչ վերաբերում է նոր կերպարիս, ապա նա, ի տարբերություն նախորդի, պատերազմի անմիջական մասնակիցը չէ, բայց, իհարկե, նաեւ անհաղորդ չի մնում դրան: Եվան հորինված կերպար է, թեեւ վստահ եմ, որ ունի իր նախատիպերը: Ամեն դեպքում, սերիալն ու այս ֆիլմը անդրադառնում են բոլորովին այլ պատմությունների՝ շատ տարբեր տեսանկյուններից:

-«Եղնիկների կածանում» արծարծվում է նաեւ սիրային թեմա: Ի վերջո, հաղթում է սե՞րը, թե՞ այն հանգամանքները, որոնք ծնում է պատերազմը:

-Չեմ կարող շատ մանրամասնել, բայց կասեմ, որ հերոսի կյանքում կա երեք կին՝ իր կինը, որի հետ ինքը չի ապրում, իմ հերոսուհին՝ բուժքույր Եվան, եւ մի լրագրող, որին էլ կերպարը սիրահարվում է: Եթե Եվայի հետ կապի դեպքում դոմինանտ են ընկերական հարաբերությունները, ապա լրագրողի պարագայում ամեն բան այլ ընթացք է ստանում: Կարելի է ասել, որ Եվան հերոսին սիրում է անպատասխան սիրով:

-Դուք նշել եք, որ այս ֆիլմի շրջանակում աշխատելով՝ Ձեր կյանքի ամենահաճելի նկարահանումներն եք ունեցել: Իսկ ի՞նչ խոչընդոտներ եք ստիպված եղել հաղթահարել:

-Ամենամեծ դժվարությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ առաջին անգամ էի աշխատում ֆիլմի ռեժիսորի, դերասանների հետ, չգիտեի՝ հեշտ կհարմարվեմ, թե ոչ: Բայց, բարեբախտաբար, ամեն բան հարթ անցավ: Իհարկե, վերջնական գնահատականը պետք է տան հեռուստադիտողները:

-Եվ վերջում, ըստ Ձեզ՝ ո՞րն է ֆիլմի ասելիքը:

-Ասելիքներից մեկն այն, որ մենք ամեն օր ենք պատերազմի մեջ, կապ չունի՝ ապրում ենք մայրաքաղաքում, թե սահմանին: Պատերազմը բոլորինն է, դրան բոլորն են մասնակից՝ կլինի ուղղակի, թե անուղղակի կերպով. ոչ ոք չի կարող խուսափողի դերում լինել:

Հավելենք, որ 20-մասանոց ֆիլմը հայ օդաչուի` Դավիթի մասին է: Նա, ըստ էության, հայ զինվորի հավաքական կերպարն է: Հերոսները մեծ մասամբ հորինված չեն, ունեն նախատիպեր, նրանց հերոսությունները` նույնպես: Ֆիլմում խաղում են նաեւ հրավիրված դերասաններ Մոսկվայից, Թբիլիսիից ու Միացյալ Նահանգներից: Հատուկ այս ֆիլմում նկարահանվելու համար Վրաստանից Հայաստան է եկել Վառլամ Կորշիան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս