Տիմատիի երկրպագուները համերգի տոմսեր գնելով` կարող են կյանքեր փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին Black Star-ի ամենաոճային թիմն իր ամբողջ կազմով հանդես կգա երեւանյան հանդիսատեսի համար: Տիմատին, L՚One-ը, Քրիստինա Սին եւ Մոտը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայանան համերգային վառ ծրագրով:

Կազմակերպիչը «Jet Set» ընկերությունն է, որի նախագծերի մենեջեր Արմինե Խախամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց` սա այն համերգներից է, որի ընթացքում անհնար է պարզապես տեղում նստած մնալ. «Դահլիճի ներքեւի հատվածում լինելու է պարահրապարակ: Ասեմ, որ այդ մասում կանգնելու համար ավելի շատ տոմսեր են վաճառվում»:

Ի դեպ, համերգի տոմսերի գները տատանվում են 6-30 հազար դրամի սահմաններում:

Հիշեցնենք, որ Տիմատին Երեւանում առաջին անգամ համերգով հանդես է եկել 2015-ին: Մեր այն հարցին, թե համերգային նոր ծրագիրն ինչով է տարբերվելու նախորդից, մենեջերը պատասխանեց. «Ներկայացվելու է թարմ երգացանկ, 2 ժամի փոխարեն այս անգամ սպասվում է 3 ու կես ժամ տեւողությամբ համերգ: Ինչ վերաբերում է 2015-ի համերգին, ապա հիշեցնեմ, որ այն անցավ բավական բուռն մթնոլորտում, վաճառվեցին աննախադեպ թվով տոմսեր, ուստի մեր ընկերությունը որոշեց կրկնել այն արդեն 4 հոգանոց թիմով»:

Մենեջերը նկատեց, որ Տիմատիի եւ, առհասարակ, Black Star-ի երկրպագուները պատկանում են թիրախային տարբեր լսարանների` երեխաներից մինչեւ մեծահասակներ:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանն ունակ է ապահովել տեխնիկական բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են համերգի իրականացման համար:
Եվ մի ուշագրավ հանգամանք եւս. Տիմատիի եւ նրա թիմակիցների համերգի մասնակիցները ակամայից կմասնակցեն նաեւ բարեգործության: «Jet-Set» ընկերությունը որոշել է միանալ «F100» եւ «Նվիրիր կյանք» ֆոնդերի բարեգործական գործունեությանը: Համերգի մասնակիցները կարող են փրկել այն երեխաներին, որոնց ապաքինումը հնարավոր է, սակայն ահռելի ծախսեր է պահանջում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս