ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներից թեկնածուի ընտրությունն ի՞նչ սկզբունքով է տեղի ունենում: Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենում այդ գործընթացը:
Թամարա Պողոսյան (36 տարեկան, իրավաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Թ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դիմումներ ներկայացրած քաղաքացիներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, կրտսեր պաշտոնների համար՝ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձին, վերջիններիս բացակայության դեպքում նախապատվությունը տրվում է պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին: Ընտրությունը կատարվում է ըստ կարգով սահմանված նախապատվությունների:
Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմումատուն (դիմումատուները) չի (չեն) բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Խորհուրդն այդ մասին տեղեկացնում է համապատասխան մարմնին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ընտրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունը Խորհուրդը համապատասխան մարմնին ուղարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում՝ տեսանելի ցուցանակի վրա: