ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձը գրանցված է կադրերի ռեզերվում, ապա նա քաղաքացիական ծառայության ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել: Այսինքն՝ ո՞ր խմբերի համար կարող է նա հավակնել:
Դավիթ Գեւորգյան (30 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում) բավարարում է անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Ավելացնենք, որ քաղաղացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձի համար դիմումներ ներկայացնելու համար սահմանափակումներ նախատեսված չեն. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն ժամանակավոր թափուր պաշտոնների համար, որոնց պահանջները նա բավարարում է: Ի դեպ, ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ընտրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունը Խորհրդից ստանալու օրը համապատասխան մարմինը համապատասխան տեղեկություն է հրապարակում տեսանելի ցուցանակի վրա եւ ընտրված թեկնածուին տեղեկացնում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար եռօրյա ժամկետում համապատասխան մարմնի աշխատակազմ ներկայանալու անհրաժեշտության մասին: