Հարց քաղաքացիներից` ուսումնական հաստատության ուսուցիչ աշխատելու համար ի՞նչ է անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ուսումնական հաստատության ուսուցիչ աշխատելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ:
Աիդա Ֆեռոյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ֆեռոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ վերջին 5 տարում Հայաստանում ուսուցիչների թիվը նվազել է շուրջ 3 հազարով: Պաշտոնական թվերի համաձայն՝ 2011-2012 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 41 հազար 757 ուսուցիչ, 2012-2013թթ.-ին՝ 40 հազար 830 ուսուցիչ: 2014-2015 ուսումնական տարում ուսուցիչների թվաքանակը Հայաստանի hանրակրթական ուսումնական հաստատություններում կազմել է 39 հազար 018, իսկ արդեն նախորդ՝ 2015-2016 ուսումնական տարում՝ 38 հազար 690:




Լրահոս