Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱՓԳՀ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յոհանես վան դեր Կլաուվին:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և ՄԱՓԳՀ միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Այս համատեքստում Յոհանես վան դեր Կլաուվը շնորհակալություն հայտնեց գրասենյակի գործունեությանը Հայաստանի կառավարության կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող օժանդակության համար։
Հանգամանալից քննարկվեցին Սիրիայից Հայաստանում ապաստան գտած 20 հազարից ավելի անձանց ինտեգրման դյուրացման, նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցեր:
Յոհանես վան դեր Կլաուվը նշեց, որ ՄԱԿ-ը, նրա մասնագիտացված կառույցները բարձր են գնահատում Հայաստանի ջանքերը սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստան գտած փախստականների առջև ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Սիրիայից ապաստանած փախստականների համար առավելագույն նպաստավոր պայմաններ:
Հյուրը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանը հանդիսանում է Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի ակտիվ անդամ և բեղմնավոր գործունեություն է ծավալում այդ հարթակում։
Էդվարդ Նալբանդյանն ու Յոհանես վան դեր Կլաուվը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերին առնչվող հարցերի և դրանց արձագանքելու միջազգային հանրության ջանքերի շուրջ։