ՀԱՐՑ. ԱԺ ընտրություններում ընդգրկված էի լրացուցիչ ցուցակում՝ ըստ բնակության վայրի: Արդյո՞ք Երեւանի ավագանու ընտրություններին կարող եմ մասնակցել: Նշեմ, որ գրանցված եմ Գյումրիում:
Արսեն Գաբրիելյան (35 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած, ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ըստ գտնվելու վայրի, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դեպքում ոչ թե փոխվում է անձի հաշվառման հասցեն, այլ ժամանակավորապես հանվում է, ըստ հաշվառման վայրի, ընտրողների ցուցակից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք հաշվառված չեք Երեւան քաղաքում, եւ Ձեր տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներին, Երեւանի ավագանու ընտրություններին չեք կարող մասնակցել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից 10 օր առաջ, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2.564.795ձ: Նրանցից, ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ ըստ գտնվելու վայրի, ընտրական տեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը կազմել է 20.387, իսկ հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 646: