ՖՈՏՈ. Այլեւս իմ երջանկությունը չեմ կիսելու ոչ մտերիմների հետ. Ելենա Բորիսենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն երկարատեւ դադարից հետո որոշել է վերադառնալ թատրոն: Հանդիսատեսը նրան առաջիկայում կտեսնի անտերպրիզային ներկայացումներում: Ելենան «Ժողովուրդ»-ին պատմել է գործնական ծրագրերի մասին, խոսել է նաեւ անձնական կյանքից` խոստովանելով, որ այլեւս չի ցանկանում ոչ մտերիմների հետ կիսել իր երջանկությունը, քանի որ որոշ մարդիկ ներխուժում են իր կյանք եւ փորձում են խանգարել:

-Ելենա՛, տեղյակ ենք, որ ներկայանալու եք «Սահմանին» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում: Կպատմե՞ք այդ մասին: Առաջիկայում Ձեզ ուրիշ նոր դերերում կտեսնե՞նք:

-Այո՛, ես ընդգրկված եմ 20 մասանոց սերիալում, մարմնավորում եմ բժիշկ կապիտանի: Բացի այդ` հավանաբար ամռանը հանդիսատեսի դատին կհանձնվի իմ մասնակցությամբ «Կալիգուլա» ֆիլմը: Կա եւս մեկ նորություն. մայիսից սկսվելու են նոր սերիալի նկարահանումներ, սակայն այդ մասին մանրամասներ դեռ չեմ հայտնի: Կցանկանայի մի փոքր էլ խոսել թատրոնից: Ասեմ, որ վերադարձնում եմ այն, ինչ ժամանակին կորցրեցի` կապված հենց բեմի հետ: Թեեւ թատրոնն իմ մեջ միշտ եղել է ու կա, վերջին շրջանում բեմի հետ անմիջական կապս կտրվել էր: Բայց հիմա թատրոնում լինելու մեծ պահանջ եմ զգում, այնպես որ, առաջիկայում հանդիսատեսն ինձ կտեսնի անտերպրիզային ներկայացումներում:

-Դիրքերն ամրապնդելու խնդիր ունե՞ք, թե՞ պարզապես ստեղծագործական քաղցն եք բավարարում:

-Ես ոչ ոքի, նույնիսկ ինձ ապացուցելու բան չունեմ: Իհարկե, ձգտում եմ ավելի առաջ գնալ, միշտ մտածում եմ, որ կարող եմ ավելին անել: Բայց այս շրջանում գործնական առումով քայլերս կոնկրետ են ու ռեալ:

-Մի քիչ էլ խոսենք անձնականից: Հիմա այդ «ճակատում» ի՞նչ շրջան է:

-Ես այդ մասին որոշել եմ չխոսել, որովհետեւ հասկացել եմ, որ երջանկությունդ շատ քչերը կարող են կիսել քեզ հետ: Երբ ակնհայտորեն երեւում էր, որ ես ֆանտաստիկ երջանիկ եմ, իմ կյանքում կատարվեցին բաներ, որոնցից հետո հասկացա, որ չեմ ուզում իմ մասին խոսել, այլեւս իմ երջանկությունը չեմ կիսելու ոչ մտերիմների հետ:

-Կարեւորն այն է, որ Դուք, ինչպես հասկացա, հիմա երջանիկ եք:

-Ես միշտ եմ երջանիկ:

-Այսինքն` կարելի՞ է ենթադրել, որ մարդկանց նեգատիվ էներգիան խանգարել է Ձեզ:

-Փորձել են խանգարել, բայց ինձ կոտրել հնարավոր չէ: Կկոտրվեմ միայն այն դեպքում, երբ գոյություն չունենամ: Ես շատ բան եմ հասկացել եւ կաշխատեմ երկրորդ անգամ նույն սխալը թույլ չտալ: Մարդիկ շատ ավելի չար են, քան ես պատկերացնում էի: Այլեւս ոչ ոքի հաճույք չեմ պատճառի:

???????????????

-Ճի՞շտ եմ հասկանում` փորձել են ներխուժել Ձեր անձնական կյա՞նք:

-Այո՛, փորձել են տարբեր ձեւերով: Ես թողել եմ, որ իրենք կայանան իրենց խոսակցությունների միջոցով, բայց ինձնից հեռու:

-Լավ, վերադառնալով գործնականին` հետաքրքիր է` առաջիկայում արտերկրի հետ կապված ծրագրեր կա՞ն:

-Այս պահին ոչ. բոլոր նախագծերը Հայաստանի հետ են կապված, եւ ես ուրախ եմ, որ այդպես է: Ինձ համար կարեւոր է Հայաստանում ինչ-որ բան անելը: Թե չէ այսօր բոլորը գնում են: Չեմ ճանաչում մեկին, ով չի փորձում, օրինակ, ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալ: Բոլորն ուզում են պահուստային տարբերակ ունենալ: Ես այդպես չեմ մտածում, թեեւ Հայաստանի հետ քաղաքական առումով հույսեր չեմ կապում: Ինձ ոչինչ չի ոգեւորում, հավատ չի ներշնչում: Նախանձում եմ այն մարդկանց, որոնք վերջին ընտրություններից հետո դեռ հույսեր են փայփայում, որ իրավիճակը մեր երկրում կլավանա: Չեմ ուզում այդ առումով սպասելիքներ ունենալ, այլապես երբ դրանք չեն արդարացվում, շատ ծանր եմ տանում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս