Իշխանությունները երկիրը քայլ առ քայլ մոտեցնում են դեֆոլտի շեմին. Հայաստանում թևածում է անվճարունակության ուրվականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները երկիրը քայլ առ քայլ մոտեցնում են դեֆոլտի շեմին. նման եզրակացության կարելի է հանգել կառավարության վերջին նախաձեռնությունից հետո:
Եւ այսպես, ըստ ԿԲ հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունն ապրիլի 29-ին պատրաստվում է 600 մլրդ դրամի կամ 1 մլրդ 234 մլն դոլարի պարտատոմս թողարկել երեք չափաբաժնով, յուրաքանչյուրը 200 միլիարդ դրամի սահմաններում: Ըստ այդմ, պարտքի առաջին մասը Հայաստանի քաղաքացիները վճարելու են 2020 թվականին` 8 տոկոս հավելավճարով, երկրորդ մասը մարվելու է 2022-ին՝ 9 տոկոս հավելավճարով, իսկ երրորդ չափաբաժինը մարվելու է 2037-ին՝ 12.5 տոկոս հավելավճարով:

Առանց այն էլ հսկայական չափերի հասած պետական պարտքի պայմաններում սա կարելի է համարել ահռելի բեռ պետության վրա: Բավական է միայն նշել, որ ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 996.2 մլն դոլար, որից 5 մլրդ 478.3 մլն դոլարը կառավարության պարտքն է: Իսկ, ընդհանրապես, 2017թ. ընթացքում կառավարությունը նախատեսել էր պետական պարտքը մինչեւ տարեվերջ հասցնել 6.2 մլրդ դոլարի: Եւ, ահա, նոր պարտատոմսերի թողարկումից հետո ՀՀ պետական պարտքը տարեկան կտրվածքով կկազմի ավելի քան 7.2 մլրդ դոլար:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-ի հինգերորդ հոդվածը սահմանում է, որ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ ՀՆԱ 60 տոկոսը: Նույն հոդվածի համաձայն՝ եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՀ ՀՆԱ վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: Հիմա պետական պարտքը եւս 1 մլրդ 234 մլն դոլարով ավելացնելով՝ այն կգերազանցի ՀՆԱ 60 տոկոսի սահմանագիծը (Հայաստանի ՀՆԱ-ն 10.5 մլրդ դոլար է). մի հանգամանք, որն օրենքով արգելված է: Թե ինչպե՞ս է կառավարությունը թողարկելու նոր պարտատոմսեր, ավելացնելու պետական պարտքը` առանց խախտելու օրենսդրությունը, հայտնի չէ: Կառավարությունը որեւէ կերպ չի մեկնաբանում իր այս նախաձեռնությունը: Այնինչ՝ ստեղծված իրավիճակը լուրջ մեկնաբանության կարիք ունի. նախ` նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նման մասշտաբի պարտատոմսեր են թողարկվում: Եւ բացի այդ՝ այս ծավալի պետական պարտատոմսերի թողարկումը նախատեսված չի եղել, եւ որոշումը կայացվել է շատ անակնկալ կերպով:

Բանն այն է, որ պարտատոմսերը թողարկելու, աճուրդի հանելու մասին հայտարարվում է նախօրոք` ֆինանսների նախարարության կայքում (արդեն հայտնի են ապրիլին թողարկվելիք պարտատոմսերը), այնինչ` սրանց դեպքում աճուրդ հայտարարություն արված չէ: Եւ տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները մեծ գումարի կարիք են ունեցել, ինչն էլ որոշել են այսկերպ հրատապ լուծել:
Այս ամենից բացի՝ արձանագրենք մի քանի կարեւոր իրողություն:
Հավանաբար, հենց պետական պարտքի` ՀՆԱ 60 տոկոսի սահմանագիծը հատելու պատճառով է, որ իշխանությունները նոր միջոցներ ներգրավում են ոչ թե արտաքին աղբյուրների` օտարերկրյա պետություններից եւ միջազգային կառույցներից նոր վարկեր վերցնելու հաշվին, այլ ներքին պարտատոմսեր թողարկելով: Այսինքն` Սերժ Սարգսյանի իշխանությունը պարզապես սպառել է վարկային նոր միջոցներ ներգրավլու ռեսուրսները եւ միջազգային հանրության մոտ նաեւ տնտեսական առումով համարվում է անհուսալի գործընկեր:
Բացի այդ՝ Հայաստանի՝ այսօրվա տնտեսական իրավիճակի պայմաններում պետական պարտքի կտրուկ ավելացումը հղի է լրջագույն վտանգներով:
Երկրի տնտեսությունը շարունակում է մնալ անմխիթար վիճակում, ու չնայած ԱՎԾ արձանագրած աճին, այնուամենայնիվ, չի կարող ամբողջ ծավալներով սպասարկել բյուջեն ու բյուջեի դեֆիցիտը:

Եւ հետո, հայտնի փաստ է, որ նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ Հայաստանը մաս-մաս փակում է նախկին պարտքերը. պետական բյուջեից տարեկան զգալի գումարներ է ծախսվում պարտքի սպասարկման նպատակով: Ու որքան ավելանում է այդ պարտքը, այնքան ավելանում են սպասարկման նպատակով տրամադրվող գումարները: Ըստ այդմ, 2017թ. այդ նպատակով ծախսվելու է 245.8 մլն դոլար, 2018-ին` 268.9 մլն դոլար, 2019թ. 316.4 մլն դոլար, եւ, վերջապես, 2020թ. տրամադրվելու է 700 մլն դոլար. սա եվրոբոնդերը մարելու համար նախատեսված գումարն է՝ գումարած սպասարկման վճարը (նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ականջը կանչի):
Այնպես որ, իրավիճակն առավել քան մտահոգիչ է, եւ նման տեմպերով շարունակվելու դեպքում կարող է Հայաստանը հայտնվել դեֆոլտի`անվճարունակության շեմին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս