«Բորոդինո» գործարանը սնանկ է ճանաչվել. իրանցի գործարարը ձեռք կբերի՞ այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտի երբեմնի առաջատար ձեռնարկություններից մեկը՝ «Բորոդինո» պահածոների գործարանը, սնանկ է ճանաչվել: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Տեղեկացնենք, որ «Բորոդինո» ընկերությունը գրեթե ամեն տեսակի մրգեր եւ բանջարեղեն է մթերում, մուրաբա ու պահածոներ է արտադրում: Բայց ընկերության արտադրանքի միայն 15-20 տոկոսն է ներքին շուկայում իրացվում: Մեծ մասը արտահանվում է Հոլանդիա, Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան:

Սակայն ընկերությունը դեռեւս 2014 թվականից ֆինանսական ծանր վիճակում է գտնվում: Այդ շրջանում նույնիսկ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ գործարանը սնանկացման ճանապարհին է: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 23-ին դիմել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:

Նշենք, որ ՀՀ Արարատի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող պահածոների գործարանը ՊԵԿ-ին պարտք է 13 մլն 99 հազար 59 դրամ: «Ժողովուրդ»-ը գործարանի աշխատակիցներից տեղեկացավ, որ ՊԵԿ-ի հետ ընկերության ղեկավարությունը փորձել է «լեզու գտնել», ինչի արդյունքում որոշվել է պարտքի մարման ժամանակացույց կազմել: Իսկ ընկերության ղեկավարությունը խոստացել է պարտքը մարել՝ ըստ այդ ժամանակացույցի, առանց ուշացման: Ապա տեղեկացանք, որ ընկերությունը առաջիկայում առողջացման ծրագիր է ներկայացնելու: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը ձեռք բերելու շուրջ բանակցություններ է տանում իրանցի մի գործարար: Վերջինս պատրաստվում է ներդրում անել եւ ընկերությունը հանել այդ վիճակից:

Իսկ իրանցի գործարարի ներկայացուցիչը, որը մեզ հետ զրույցում ներկայացավ Հրաչ, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ընկերությունը սկսել է մարել պարտքերը: «Ես նոր սեփականատիրոջ ներկայացուցիչն եմ, նոր եմ եկել, միացել իրենց աշխատանքներին: Բայց պարտքերը կամաց-կամաց մարում է: Հիմա բանակցում ենք գործարանը ձեռք բերելու համար»,- հայտարարեց ներկայացուցիչը: Նա չցանկացավ նշել իրանցի գնորդի անունը եւ հրաժարվեց հայտնել, թե որքանով է գործարարը պատրաստվում ձեռք բերել գործարանը:

Իսկ մինչ այդ նշենք, որ «Բորոդինո» պահածոների գործարանը չի կարողանում վճարել նաեւ աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդեմ «Բորոդինո» պահածոների գործարանի դատարան են դիմել նաեւ ընկերության մի շարք աշխատակիցներ՝ աշխատավարձի բռնագանձման պահանջով: Ապա այս տարվա ապրիլի 4-ին աշխատակիցները ընկերության հետ հաշտության համաձայնագիր են կնքել:

Նենք, որ ընկերությունը գումար է պարտք նաեւ ՀՀ առեւտրային բանկերից մեկին: Պահածոների գործարանը պատշաճ չի կատարել վարկային պարտավորությունները, ինչն էլ պատճառ է դարձել, որ գործարանը բռնագանձելու պահանջով «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայց ներկայացնի ընդդեմ «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ-ի: Ընկերությունը բանկին պարտք է 486 հազար 577 դոլարին համարժեք դրամ: Ի դեպ, այս գործով հաջորդ միջնորդության քննարկումը նշանակված է այս տարվա հուլիսի 21-ին: Իսկ մինչ այդ ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս