ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ՔԱՆԻ ՊՈՐՏՖԵԼՈՎ, ՀԱՅՏՆԻ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է ստացել, սակայն մտադիր է ՀՅԴ-ի հետ կրկին շարունակել կոալիցիոն համագործակցությունը. այս օրերին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են այդ ուղղությամբ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, օրերս խոսելով ՀՀԿ-ի հետ իրենց հնարավոր համագործակցության մասին, ասել էր. «Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետեւ, ի վերջո, դա անժամկետ էր, պայմանավորված չէր որեւէ ձեւաչափով, այլ խնդիրների լուծմամբ, իսկ այն հարցերը, որ համագործակցության մեջ արձանագրված են, դրանց զգալի մասը լուծված չեն»:
Եւ, ահա, երեկ էլ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է անդրադարձել ապագա կոալիցիայի թեմային. «Այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ։ Այո՛, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը, դրանք ավարտվելուն պես կտեղեկացնենք Ձեզ։ Բայց քանի որ դրանք քննարկումների փուլում են եւ չեն ավարտվել, ճիշտ չի լինի, որ առանց քննարկումներն ավարտելու՝ մենք քննարկենք ապագա կառավարության հարցը»,- ասել է նա։
Որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն եւ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է համաձայնելու, պարզ էր ի սկզբանե: Խորհրդարանական մյուս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Ելք» դաշինքը, ի սկզբանե բացառել էին որեւէ ձեւաչափով իշխող ՀՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարները:
Այս իրավիճակում բնականաբար հետաքրքիր է՝ ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններում կոնկրետ ի՞նչ թեմա է քննարկվում. արդյո՞ք ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ից եւս մեկ-երկու նախարարական պորտֆել կամ մարզպետի պաշտոն պոկել, թե՞ այլ պայմաններ է առաջադրել: Առավել եւս, երբ նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագրում, որին Արմեն Ռուստամյանը հղում է անում համագործակցության շարունակման մասին խոսելիս, հստակ սահմանված չէ՝ ո՞ր քաղաքական ուժին քանի պորտֆել է տրվելու, այլ միայն նշված են համագործակցության սկզբունքները, իշխանության համար ամբողջական պատասխանատվություն ստանձնելու դրույթը եւ այլն:
Այս օրերին ո՛չ ՀՀԿ-ականները, ո՛չ ՀՅԴ-ականներն այդպես էլ չեն մանրամասնում, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են իրենց բանակցությունները: Սա արդեն հետաքրքիր է: Հետաքրքիր է թեկուզ եւ այն պատճառով, որ նախորդ տարվա փետրվարից հետո, երբ ստորագրեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագիրը, իշխանության մեջ ուժերի հարաբերակցության առումով շատ բան չի փոխվել. այն ժամանակ էլ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ուներ ԱԺ-ում, նաեւ հիմա է կայուն մեծամասնության տեր: Եւ այս իրավիճակում ԱԺ-ում ՀՅԴ ունեցած 7 մանդատները (նախկին 5-ի փոխարեն) առանձնապես մեծ ազդեցություն չեն կարող ունենալ. ՀՀԿ-ն, միեւնույն է, կարող է միանձնյա որոշումներ կայացնել: Իսկ եթե նրան հարկավոր լինի սահմանադրական օրենքներ ընդունել կամ այդ օրենքներում փոփոխություններ կատարել ԱԺ պատգամավորների թվի 2/3-րդով (ինչպես պահանջում է ներկա Սահմանադրությունը), ապա անգամ ՀՅԴ-ի 7 մանդատները բավարար չեն, եւ իշխանությունները, միեւնույն է, ստիպված են լինելու դիմել մյուս երկու խմբակցությունների օգնությանը:
Մինչ այդ, նկատենք, որ ապագա իշխանության կառուցվածքի վերաբերյալ անորոշություն է տիրում ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ՀՅԴ-ում. առավելագույնը 4-5 հոգի գիտի Սերժ Սարգսյանի մտադրությունների մասին, բայց նրանք էլ պարզապես քար լռություն են պահպանում: Սերժ Սարգսյանը, իր սովորությանը համաձայն, այդպես էլ չի շտապում կուսակցական թեկուզ եւ մի փոքր ավելի լայն շրջանակների հետ «կիսվել» իր մտադրություններով: Նա միայն այս օրերին ընդունելությունների շարք է սկսել. իր մոտ հրավիրելով թիմակիցներին՝ խոսում է վերջիններիս այս կամ այն պաշտոնում տեսնելու հնարավորության մասին, ու վերջ:
Հայտնի է միայն այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակելու է իր պաշտոնավարումը, գոնե մինչեւ հաջորդ տարվա ապրիլ: Իսկ թե ո՞վ է լինելու խորհրդարանի նախագահը, ովքեր՝ փոխնախագահներ, ովքեր՝ նախարարներ, եւ այլն, հստակ չէ: «Հաշվի առնելով, որ այդ քննարկումները դեռեւս չեն ավարտվել, ճիշտ չի լինի, որպեսզի մենք քննարկենք ապագա կառավարությունում նախարարական պորտֆելների, պատասխանատուների կամ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների հարցը: Իսկ ապագա վարչապետի մասին խոսք չկա, մեր վարչապետը մնում է Կարեն Կարապետյանը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է Շարմազանովը: Նա նաեւ ասել է, թե հնարավոր է՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարներ նշանակվեն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը:
Ու քանի որ ԱԺ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկվելու պատճառով հետաձգվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, հետեւաբար հետաձգվում է կառավարության հրաժարականն ու նոր կառավարության կազմավորումը, մնում է սպասել՝ տեսնելու, թե ինչ տեսք կունենա նոր իշխանությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ
Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է վարչապետի խորհրդական, հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանը, որը Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն էր առաջադրել ԱԺ ընտրություններում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սանամյանը դեռ մինչ ընտրությունը իր մտերմիկ շրջապատում հայտարարել էր, թե մտադիր է գնալ խորհրդարան, մինչդեռ հիմա լուրեր կան, թե մանդատից էլ է հրաժարվելու: Հատկանշական է, սակայն, փաստը, որ Սանամյանն աշխատանքից ազատվել է դեռ մինչեւ մանդատ ստանալը. ինչպես հայտնի է՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ՍԴ դիմելու պատճառով ԿԸՀ-ն չի շտապում նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատները բաշխել՝ սպասելով ՍԴ որոշմանը: Իսկ Սանամյանն աշխատանքից ազատվել է՝ չսպասելով ԿԸՀ-ին, քանի որ, ասում են, նրան ձանձրացրել է վարչապետի խորհրդականի պաշտոնում աշխատանքը: Հիշեցնենք, որ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի նախկին գլխավոր վարչության պետ Սանամյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել ընդամենը 2 ամիս առաջ՝ փետրվարի13-ին:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«Լավանդա-նորֆարմ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանի՝ Լավանդայի Արայիկի ընտանիքին, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 31-ին «Լավանդա-Նորֆարմ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության եւ պահանջում է, որ նախարար Լեւոն Ալթունյանն անվավեր ճանաչի 2017 թվականի հունվարի 25-ի ՍՊԸ-ի դեմ կայացրած որոշումը: Իսկ թե ինչ որոշման մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց, սակայն փաստ է մեկ բան, որ այս գործով արդեն դատական նիստերը մեկնարկել են, իսկ թե ինչով կավարտվի նախկին պատգամավորին պատկանող ընկերության եւ ՀՀ առողջապահության նախարարի դատական վեճը, ցույց կտա ժամանակը:

 

 

 

ԽՆԴՐՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Անի» ԲԲԸ-ն դիմել է ՀՀ վարչապետին եւ խնդրել իրեն վաճառել Շիրակի մարզի Ամասիայում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքը: Ընկերությունն իր ցանկությունը պատճառաբանել է «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը բարելավելու մտադրությամբ: Վարչապետն էլ հանձնարարական է տվել պետական գույքի կառավարման վարչությանն ու ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ քննարկել առաջարկը եւ այն ներկայացնել սահմանված կարգով: Նշենք, որ ջրանցքի տվյալ հատվածը, ըստ փաստաթղթերի, ունի կրկնակի մաշվածություն եւ յուրաքանչուր տարի դրա պահպանման եւ շահագործման համար տրվում է 5-6 մլն դրամի չափով դոտացիա: Իսկ գույքը գնելու դեպքում ընկերությունը պարտավորվել է 15 տարվա ընթացքում ջրանցքի վերանորոգման վերականգնման եւ շահագործման նպատակով ներդնել 540 մլն դրամ: Ի դեպ, ընկերությունը հավաստիացրել է, որ ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը կիրականացվի ոչ ոռոգման ջրերի հաշվին:

 

 
ԴԻՏԱՐԿԵՑԻՆ, ԳՆԱՑԻՆ
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը, ավարտելով իր աշխատանքները, այսօր կմեկնի Հայաստանից: Նախընտրական շրջանին, ապրիլի 2-ի քվեարկությանը եւ հետընտրական իրավիճակին հետեւել են առաքելության 14 փորձագետներ ու 28 երկարաժամկետ դիտորդներ: Իսկ բուն քվեարկությանը օրը՝ 250 կարճաժամկետ դիտորդներ: Առաքելությունը ներկայացրել է ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականը, վերջնական զեկույցը պատրաստ կլինի երկու ամսից:

 

 

ՓՈՔՐՈԳԻ ԵՎ ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր հայտարարությամբ անդրադարձել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ աղմկոտ բացահայտմանը։ «Այսօրինակ եւ բազմաթիվ այլ օրինախախտումներով ու ընտրակեղծիքներով լուծելով իշխանության վերարտադրման հարցը՝ ՀՀԿ-ն այժմ էլ գրոհ է կազմակերպում քաղաքացիական հասարակության նկատմամբ։ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը իր զորակցությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին ու Դանիել Իոաննիսյանին, գնահատում է իշխանության կատարած այս փոքրոգի ու անարժանապատիվ քայլը որպես հանցագործության բացահայտումը խոչնդոտելու փորձ, շարունակում է համարել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած ու հրապարակած նյութը պահպանում է իր ուժը որպես հաղորդում հանցագործության մասին»:

 

 

 

22 ԴԻՏԱՐԿՈՒՄ
Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճին եւ բանակցային գործընթացի սահմանափակ առաջընթացին, ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել, որ պետք է աշխատել հակամարտությանը խաղաղ եւ տեւական լուծում տալու ուղղությամբ, այս մասին նշվում է ԵԱՀԿ գործունեության 2016թ-ի զեկույցում, որտեղ ամփոփվել են կազմակերպության գործունեության եւ իրականացրած ծրագրերի արդյունքները: 2016թ., ըստ զեկույցի, ԵԱՀԿ-ն 22 անգամ մշտադիտարկում է իրականացրել, որից 5-ը՝ հայ-ադրբեջանական սահմանում, իսկ 17-ը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում

 

 

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Մայիսի 19-ին Իրանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակվելու է ապրիլի 27-ին: Երեկ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել երկրի նախկին նախագահ (2005-2013 թվականներին) Մահմուդ Ահմադինեժադը: Իսկ ահա գործող նախագահ Հասան Ռոհանին դեռեւս չի հայտարարել երկրորդ անգամ առաջադրվելու մասին:

 

 

ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Հանդիպումը ընթացել է փակ դռների ետեւում:




Լրահոս