Այսօր ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ձախ ոտքի վրա է արթնացել և իր վատ տրամադրությունն արտահայտել ֆեյսբուքյան տիրույթում:
Առավոտյան օրվա մամուլին ծանոթանալու փոխարեն` սույն պաշտոնյան, կատարելագործվելու ջանք անգամ չգործադրելով, ցածրորակ ու ոչ պրոֆեսիոնալ եզրակացությունների է անցել:
Իսկ ի՞նչն է փոթորկել ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ անդորրը:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ հետախուզվող քաղաքացին ձեռք է բերել Արտաքին գործերի նախարարության տեղեկանքը, գնացել է ԱՄՆ դեսպանատուն, ու այստեղ ողջ եղելությունը պարզվել է:
Ըստ այդմ` ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացու մոտ գտնվող ԱԳՆ տեղեկանքը կեղծ է եղել: Նրան այդ հիմքով էլ մեղադրանք է առաջադրվել:
Ասեմ ավելին, ԱԳՆ-ում թող իմանան` Շենգավիթի քննչականում փորձում են պարզել` այդ քաղաքացու մոտ ինչպե՞ս է հայտնվել ԱԳՆ տեղեկանքը:
Ամբողջական հոդվածը թողած` մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձն ընթերցել է կայքերում զետեղված ծաղկաքաղերը և անոնսի վրա եզրակացություններ արել: Զավեշտալին այն է, որ Տիգրան Բալայանը, հերքման տրամադրվածությամբ, կրկնել է այն խոսքերը, որոնք զետեղված են հոդվածում: Կարծիք հատնելուց առաջ ոչ թե պարզապես լավ, այլ ավելի պրոֆեսիոնալ կլիներ, եթե համապատասխան պաշտոնը զբաղեցնող անձը ամբողջական հոդվածն ընթերցեր սկզբնաղբյուրում` հենց թերթում:
Երևի թե, այն ձեռք բերելու հնարավորություն Բալայանն ունի:
Հ.Գ. Մնում է հուսալ` այս գործելաոճը մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության վրա իր հետքը չի թողնի: