ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է: Պատճառը ծնունդների քանակի նվազումն է: Արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ: Նրանք արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ:
Մարալիկի ծննդատան աշխատակիցները աշխատավարձերի նվազման հետ կապված դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Նրանցից Հերմինե Հանիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ծնունդների քանակի նվազումը մի քանի պատճառ ունի: Դրանցից մեկն էլ կապված է հասարակական տրանսպորտի բացակայության հետ: «Նախկինում տասից ավել գյուղերի հղիները գրանցվել են Մարալիկի հիվանդանոցում, սպասարկվել են Մարալիկի բուժանձնակազմի կողմից, բայց ինչ հասարակական տրանսպորտը չկա (խոսքը Մարալիկ քաղաքն ու հարակից գյուղերը իրար կապող տրանսպորտի մասին է), հղիների թիվն էլ է նվազել: Այս ամենի արդյունքում մարդիկ օգտվում են Գյումրու բժշկական կենտրոնից: Ճիշտ է, այս գյուղերը Գյումրիին մոտ են, բայց մարդիկ միշտ նախընտրել են օգտվել Մարալիկի ԲԿ-ից, քանի որ այստեղ բժշկական հետազոտություններն ու ծառայությունները ավելի էժան են, քան Գյումրիում»,- ներկայացրեց ծննդատան բուժքույր Հերմինեն: Նա նշեց նաեւ, որ ինքը արդեն երկու ամիս է, ինչ ստանում է 27 հազար դրամ, այն դեպքում, երբ նախկինում ստացել է 57-60 հազար դրամ աշխատավարձ:
«Աշխատավարձը կատարողականով են վճարում մեզ: Ո՛չ դրույքաչափ գիտենք, ո՛չ գիտենք, թե գիշերային հերթապահության դիմաց որքան ենք վճարվում, իրենք ինչպես ուզում, վճարում են: Միայն պատճառաբանում են, որ ծնունդների թիվն է նվազել, հետեւաբար աշխատավարձն էլ պակասել է: Բայց բնական է, որ այս ամիսներին Շիրակի մարզում ծնելիությունը նվազում է, տղամարդիկ Ռուսաստանի Դաշնություն են մեկնում՝ արտագնա աշխատանքի նպատակով: Ինչի հետեւանքով ծննդաբերություն լինում է սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Իսկ փետրվար, մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին քիչ են լինում ծնունդները, միայն հունիս ամսից սկսում են ավելանալ»,- բացատրեց բուժքույրը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ծննդատան ղեկավարությունը աշխատավարձի նվազումը պատճառաբանում է կուտակած պարտքերը մարելու անհրաժեշտութամբ: Նրա պատմելով՝ խոսքը 10-19 մլն դրամի պարտքի մասին է:
«Ժողովուրդ»-ը դժգոհող աշխատակիցներից տեղեկացավ, որ երեք տարի առաջ փակվել է բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը, սակայն նրանց համառ ջանքերի շնորհիվ այն անցած տարվա օգոստոս ամսին վերաբացվել է: Լյդումիլա Թադեւոսյանը Մարալիկի ծննդատանը 40 տարի որպես բժշկուհի է աշխատել: Նրա դժգոհությունները նույնպես կապված են աշխատավարձի կտրուկ նվազման հետ: «Երկար տարիներ աշխատել եմ այս հաստատությունում, բայց չեմ նկատել, որ վնաս է կրել: Իսկ այժմ տնօրենը անընդհատ կրկնում է, թե վնասով ենք աշխատում: Մենք ժամանակին շրջանի 16 գյուղ սպասարկել ենք, բայց այժմ 4-5 գյուղ է օգտվում մեր ծառայություններից: Մյուս 11 գյուղերը Մարալիկին կապող տրանսպորտ չունեն: Այսքանից հետո ծնունդ որտեղից լինի: Մարդիկ իմացան, որ վիրաբուժական բաժանմունքը փակվել է, դրա համար չէին գալիս: Հիմա բացել ենք տվել: Խոչընդոտներ կան, որոնք հնարավոր է վերացնել»,- նկատեց Թադեւոսյանը: Ըստ բժշկուհու՝ 2014 թվականին Մարալիկի ծննդատունն ունեցել է 250 ծնունդ, 2015-ին՝ 180, իսկ 2016 թվականին՝ 117 ծնունդ: Մարալիկի ծննդատան մյուս բուժքույրը՝ Անահիտ Սահակյանը, 30 տարվա աշխատանքային ստաժ ունի: Վերջինս մեզ հետ զրույցում պնդեց, որ ծնունդների քանակի նվազումը չպետք է անդրադառնա իրենց աշխատավարձերի չափի վրա: «Չէ՞ որ մարդիկ իրենց սոցիալական վիճակից ելնելով՝ միտումնավոր չեն ունենում մեկից կամ երկուսից ավել երեխաներ: Երբեւէ չի եղել, որ մեր աշխատավարձերի չափը կտրուկ նվազի: Ես ստանում էի 70-80 հազար դրամ աշխատավարձ, բայց արդեն երկու ամիս է՝ ստանում եմ 27 հազար դրամ: Հունվար ամսին ունեցել ենք 8 ծնունդ, իսկ անցած տարվա դեկտեմբերին՝ 17 ծնունդ: Վերջին ամիսներին աշխատավարձերի չափերը նվազեցնում են՝ առանց բացատրություն տալու»,- վրդովվեց տիկին Սահակյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց նաեւ, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը դեռեւս անցած տարվա ընթացքում եղել է ծննդատանը եւ զարմացել՝ լսելով փակման լուրերի մասին:
«Ժողովուրդ»-ը աշխատակիցների դժգոհությունները եւ ծննդատան փակման վերաբերյալ մտահոգությունները փոխանցեց «Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանին: Վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հայտարարեց. «Եթե ծննդատունը շարունակի վնասով աշխատել, ապա կփակվի: Թող աշխատողները մի քիչ սպասեն, տեսնենք՝ ինչ կլինի: Եթե իրենք ծնունդներ շատ ունենան, ապա բարձր կստանան: Դա է պայմանը: Այս ապրիլին ունեցել ենք 2 ծնունդ: Ծնունդների թիվը կտրուկ նվազել է, ինչից նվազել է նաեւ ֆինանսավորումը: Իրենց աշխատավարձերի նվազումը պարտքերի հետ հեչ կապ չունի»,- նեղսրտեց տնօրենը: «Ժողովուրդ»-ը բուժհաստատության ղեկավարից տեղեկացավ, որ ԲԿ-ի պարտքը կազմում է 6 մլն դրամ: Ըստ տնօրենի՝ այն գոյացել է աշխատավարձերի պարտքը մարելու արդյունքում: Ի դեպ, նա նաեւ նշեց, որ պարտքը անցած տարվա դրությամբ կազմել է 12 մլն դրամ, սակայն այս տարի այն նվազել է՝ դառնալով 6 մլն դրամ:
Իսկ ահա Մարալիկը հարակից ավելի քան 10 գյուղերի հետ տրանսպորտով կապելու խնդրի հետ կապված տնօրեն Պետրոսյանը արդարացավ՝ նշելով, որ ինքը այս հարցով դիմել է մարզպետարան: Նա հայտնեց, որ Մարզպետի հրահանգով ավտոբուս է աշխատել, բայց այն գործել է մեկ ամիս: «Նայեք, հղի կա, եկել է Մարալիկի հիվանդանոցից, ուղեգիր է վերցնում Գյումրիի բժշկական կենտրոնի համար: Հարցնում եմ՝ ինչու ես գնում, Գյումրիում հետազոտվում, ի պատասխան՝ ասում է՝ բժշկուհի ջա՛ն, ես գնացել եմ Գյումրի, այնտեղից եմ եկել Մարալիկ, տրանսպորտ չկա»,- նշեց նա՝ ընդգծելով, որ տրանսպորտի խնդրի կարգավորումը իր լիազորությունների շրջանակում չէ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ