ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկը: Կան ընկերություններ, որոնք անցած տարվա նույն ժամանակահատվածում տեղ էին գտել ցանկի քսանյակում, իսկ այս տարվա առաջին եռասյակում այնտեղ չկան:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ե՛ւ այս, ե՛ւ անցած տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է ցանկի առաջին հորիզոնականը: Ընկերությունը ՀՀ պետբյուջե վճարել է 16 մլրդ 843 մլն 298 հազար դրամ, իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 15 մլրդ 606 մլն 408 հազար դրամ:
Ցանկի երկրորդ տեղը զբաղեցնող «Գրանդ Տոբակո» հայ կանադական ՀՁ-ն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավականին առաջ է եկել. անցած տարվա առաջին եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում` 2-րդ հորիզոնականը: Այս տարվա առաջին եռամսյակում ծխախոտի տեղական արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակոն» պետական բյուջե վճարել է 5 մլրդ 479 մլն 405 հազար դրամ:
Ցանկի երրորդ տեղն է զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 702 մլն 117 հազար դրամ հարկ ու տուրք: Հանքարդյունաբերությամբ զբաղվող այս ընկերությունը նույնպես զգալի ավելացրել է հարկերը, քանի որ անցած տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է ցանկի 11-րդ հորիզոնականը` վճարելով 1 մլրդ 990 մլն 540 հազար դրամ:
Այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետբյուջե վճարվող հարկերի ու տուրքերի չափն է ավելացրել նաեւ «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Ըստ ՊԵԿ-ի հրապարակած փաստաթղթի` այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը եւ վճարել 4 մլրդ 490 մլն 937 հազար դրամ հարկ ու տուրք:
Ուշագրավ մի փաստ. այս տարվա առաջին եռամսյակում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերի, տուրքերի չափը: Այսպես՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 5-րդ տեղում` վճարելով 4 մլրդ 112 մլն 21 հազար դրամ: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում ՀԷՑ-ը զբաղեցրել է ցանկի 3-րդ հորիզոնականը եւ պետբյուջե վճարել 4 մլրդ 96 մլն 808 հազար դրամ հարկ ու տուրք:
Նկատենք, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Սի Փի Էս Օիլ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կտրուկ ավելացրել է հարկերը: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 6-րդ տեղը, պետբյուջե վճարել 3 մլրդ 486 մլն 90 հազար 900 դրամ հարկ ու տուրք: Իսկ անցած տարվա առաջին եռամսյակում ընկերությունը գտնվել է 9-րդ տեղում:
Հազար խոշոր հարկատուների ցանկի 7-րդ տեղում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը, որը պետբյուջե վճարել է 3 մլրդ 52 մլն 496 հազար դրամ հարկ: Ի դեպ, այս ընկերությունը անցած տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների քսանյակում չի եղել: Ցանկի 8-րդ տեղում է Հայակական ատոմային էլեկտրակայանը` 2 մլրդ 573 մլն 113 հազար դրամ վճարած հարկով: Ընկերությունը նույնպես ավելացրել է պետբյուջե վճարվող հարկերը:
Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկի 9-րդ տեղում է ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը, որը պետբյուջե վճարել է 2 մլրդ 348 մլն 668 հազար դրամի չափով հարկ ու տուրք: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը՝ շուրջ 1 մլրդ դրամ պետբյուջե վճարած հարկով: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող տեղական «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը նույնպես ավելացրել է պետբյուջե վճարվող հարկերի չափը: Այսպես՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 2 մլրդ 337 մլն 347 հազար դրամ հարկ ու տուրք: Այս ընկերությունը տեղ է գտել ցանկի 10-րդ հորիզոնականում, մինչդեռ անցած տարվա առաջին եռամսյակում այն գտնվել է ցանկի 14-րդ տեղում:
«Արմենիա Տելեֆոն կոմպանի» ընկերությունն է նվազեցրել հարկերը՝ շուրջ 1 մլրդ դրամի չափով. այս տարվա առաջին եռամսյակում այն հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկի 11-րդ հորիզոնականում եւ պետբյուջե վճարել 2 մլրդ 189 մլն 745 հազար դրամ: Մինչդեռ անցած տարվա առաջին եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է ցանկի 5-րդ հորիզոնականը:
Փոխարենը՝ «Թեղուտ» հանքարդյունաբերական ընկերությունն է ավելացրել պետբյուջե վճարվող հարկերի չափը: Ընկերությունը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկի քսանյակում եւ զբաղեցրել 12-րդ տեղը, իսկ պետբյուջե վճարել է ավելի քան 2 մլրդ 120 մլն դրամ:
Նույն կարգավիճակում է նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Տրանսգազ» ընկերությունը, որը հազար խոշոր հարկատուների ցանկի 13-րդ տեղում է` վճարելով 2 մլրդ 74 մլն դրամ հարկ:
«Ղ Տելեկոմ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել է ցանկի 14-րդ տեղում, իսկ պետբյուջե վճարել է 1 մլրդ 834 մլն 458 հազար դրամ հարկ ու տուրք: Այս ընկերությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազեցրել է հարկերը մոտ 50 մլն դրամով:
Իսկ ցանկի 15-րդ տեղում գտնվող հանքարդյունաբերության ոլորտում հայտնի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը պետբյուջե վճարել է 1 մլրդ 785 մլն 443 հազար դրամ հարկ ու տուրք: Ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը ավելի քան 80 մլն դրամի չափով: Ցանկի 16-րդ տեղում է գտնվում «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը, որը մոտ 400 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Այսպես՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 1 մլրդ 617 մլն 784 հազար դրամ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկի, տուրքի չափը գերազանցել է 2 մլրդ դրամը:
Պետբյուջե վճարվող հարկերի չափը զարմանալիորեն զգալի նվազեցրել է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 1 մլրդ 500 մլն 441 հազար դրամ հարկ ու տուրք եւ զբաղեցրել 17-րդ հորիզոնականը: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը գտնվել է ցանկի 4-րդ հորիզոնականում՝ պետբյուջե վճարելով 3 մլրդ 626 մլն 320 հազար դրամ հարկ ու տուրք:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նույնպես նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկի 18-րդ տեղում եւ պետբյուջե վճարել 1 մլրդ 405 մլն 747 հազար դրամ: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը գտնվել է ցանկի 2-րդ տեղում եւ պետբյուջե վճարել 4 մլրդ 920 մլն 477 հազար դրամ հարկ ու տուրք:
«Գրանդ Քենդի» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում բավականին առաջ է տեղաշարժվել. Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը հայտնվել է ցանկի 19-րդ հորիզոնականում եւ պետբյուջե վճարել 1 մլրդ 216 մլն 552 հազար դրամ: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը գտնվել է ցանկի 23-րդ տեղում` վճարված 939 մլն դրամ հարկով: Ուշագրավ եւս մեկ փոփոխություն. «Յուքոմ» ընկերությունն է բավականին առաջ եկել. օրինակ՝ ընկերությունը անցած տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է ցանկի 51-րդ հորիզոնականը եւ պետբյուջե վճարել ավելի քան 530 մլն դրամ, իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը ցանկի 20-րդ հորիզոնականում է հայտնվել եւ պետբյուջե վճարել 1 մլրդ 198 մլն 988 հազար դրամ հարկ ու տուրք:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ