Հայտնի ցեմենտի գործարանը դուրս է մնացել հարկատուների ցանկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ցեմենտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Արարատցեմենտ» ընկերությունը կտրուկ ավելացրել է հարկային վճարումները: Իսկ մեր հանրապետության մյուս` երբեմնի արդյունաբերական հսկան` Հրազդանի ցեմենտի գործարանը, այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե հարկ ու տուրք ընդհանրապես չի վճարել: Ավելին, հազար խոշորների ցանկում հայտնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող երրորդ՝ «Շինցեմենտ» ընկերությունը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկից: Մեզ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 996 մլն 52 հազար դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա նշված ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 443 մլն 968 հազար դրամ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 552 մլն 84 հազար դրամով ավելացրել է հարկային վճարումները:

Բայց Կոտայքի մարզում գտնվող «Հրազդան» ցեմենտի գործարանը այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե հարկ չի վճարել: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության վճարած հարկը կազմել է 53 մլն 63 հազար դրամ: ArmLur.am-ը զանգահարեց «Հրազդան ցեմենտի գործարան» եւ հետաքրքրվեց, թե ինչու ընկերությունը տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Մեր հարցին ի պատասխան գործարանից փոխանցեցին, որ շուրջ մեկ ամիս չեն աշխատել. գործարանում վերանորոգման աշխատանաքներ են իրականացվել, սակայն հիմա աշխատում են: Բայց միաժամանակ փոխանցեցին, որ ընկերության եւ արտադրության եւ իրացման ծավալները նվազել են:

Իսկ ահա հազար խոշորների ցանկում հայտնված մյուս ընկերության՝ «Շինցեմենտ»-ի պետբյուջե կատարած հարկային վճարումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 176 մլն 906 հազար դրամ: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 76 մլն 230 հազար դրամի հարկ ու տուրք:

Ս.Հ.




Լրահոս