ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ 2017 թվականի բյուջեով ինչքան գումար է հատկացված ավանդները մարելու համար: Ո՞ր թվականին ծնված քաղաքացիները կարող են ստանալ իրենց գումարները:
Ժորա Նազարյան (72 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավանդերի փոխհատուցման ամփոփ ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների՝
1. սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ եւ ըստ հաշմանդամության առկայության՝
ա. 1-ին խմբի հաշմանդամություն,
բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,
գ. 3-րդ խմբի հաշմանդամություն
դ. հաշմանդամություն չունեցող անձ:
Կարգի 21-րդ կետի համաձայն՝ ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ, ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնությունների եւ ձեւավորված հաշվառման հերթական համարին համապատասխան:
Հայտնում եմ նաեւ, որ ավանդների փոխհատուցման վճարման նպատակով 2017թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել է շուրջ 1,485 մլրդ. ՀՀ դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2015թ. Հայաստանում ԽՍՀՄ Խնայբանկի ավելի քան 8 հազար ավանդատուների փոխհատուցվել է իրենց ավանդը: Առաջնահերության կարգով ավանդները վերադարձվել են Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին (3,321 մարդ), սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ինչպես նաեւ մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված սոցիալապես անապահով անձնանց: