ՀՀ կառավարությունը որպես աջակցություն 928 մլն 871 հազար 200 դրամ հատկացրել է մի շարք մարզերի սահմանամերձ գյուղերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատկացված գումարը նախատեսված է բնակիչների կողմից ողջ տարվա սպառվելիք էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի վարձերը վճարելու համար:
Այսպես՝ կառավարությունը գումար հատկացնում է այն մարզերին, որոնց գյուղերն ընդգրկված են փոխհատուցում ստացող գյուղերի ցանկում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ աջակցությունից կօգտվեն Արարատի (թվով 2 գյուղ), Գեղարքունիքի (թվով 2 գյուղ), Վայոց ձորի (թվով 2 գյուղ) եւ Տավուշի (թվով 19 գյուղ) մարզերի ընդհանուր 25 սահմանամերձ գյուղերի բնակիչները բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի եւ հողի հարկի փոխհատուցման նպատակով:
Այսպես՝ մեզ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետարանը այդ նպատակով ստացել է 138 մլն 922 հազար 200 դրամ, Վայոց ձորինը` 33 մլն 899 հազար 900 դրամ, Արարատին` 23 մլն 542 հազ դրամ, իսկ Տավուշին` 708 մլն 250 հազար դրամ:
Օրինակ՝ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ապրիլի 25-ին որոշում է կայացրել, որպեսզի մարզպետարանին վերոնշյալ նպատակով հատկացված 708 մլն 250 հազար դրամից առաջին եռամսյակի համար կվճարվի 106 մլն 789 հազար 500 դրամ, առաջին կիսամյակի համար` 271 մլն 410 հազար 500 դրամ, իսկ ահա երրորդ եռամսյակի համար 474 մլն 100 հազար դրամ:
Մեզ մնում է հուսալ, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված աջակցությունը իսկապես կծառայի իր նպատակին եւ սահմանամերձ գյուղերի բնակիչները տարվա երկրորդ կեսից չեն մնա առանց գազի ու լույսի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ