Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն, սակայն ինչ-որ բան սպասել պետք չէ. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

– Պարո՛ն Սկակով, ի՞նչ արդյունք կարող ենք սպասել արտաքին գործերի նախարարների` Մոսկվայում կայացած հանդիպումից:

– Որևէ արդյունքի չենք կարող սպասել: Դա ուղղակի արձանագրային հանդիպում էր: Իհարկե, ցանկացած հանդիպում իր կարևորությունն ունի, քանի որ ավելի լավ են այդպիսի արձանագրային հանդիպումները, քան դրանց բացակայությունը: Բայց ոչինչ տեղի չունեցավ, քանի որ զիջումների գնալու եզրեր կողմերը չեն տեսնում: Կողմերի վրա Մինսկի խմբի կողմից ճնշումներ նույնպես չկան, և սպասել ինչ-որ բանի պետք չէ:

– Ադրբեջանն այդպես էլ չի կատարել անգամ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն հայկական կողմն, այդուհանդերձ, ընդունեց հանդիպելու առաջարկը: Դա ճի՞շտ որոշում էր Ձեր կարծիքով:

– Ցանկացած հանդիպում բանակցությունների հիմք է հանդիսանում: Հակամարտող կողմերի միջև նման հանդիպումներն իրոք կարևոր են: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների չկատարմանը, ապա ոչ ոք չէր էլ սպասում, որ Ադրբեջանը կանի այն, ինչ խոստացել է: Հայաստանը չպետք է դառնա բանակցությունները և հանդիպումները չեղարկող կողմ: Դա մինուս կլինի Հայաստանի համար:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ հանդիպումից հետո մանրամասներ չհրապարակվեցին. ինֆորմացիան շատ սուղ էր:

– Որովհետև ասելու բան չկար: Ոչինչ չէր որոշվել, չկարողացան համաձայնություններ ձեռք բերել, այդ պատճառով էլ այդպիսի հաղորդագրություններ տարածվեցին:

– Պե՞տք է սպասել այլ հանդիպումների: Այս օրերին խոսվում է նախագահների մակարդակով հնարավոր հանդիպման մասին:

– Կարծում եմ, որ նախագահները, այնուամենայնիվ, կհանդիպեն, և բանակցությունները կշարունակվեն: Ըստ իս՝ նախագահների հանդիպումը կլինի կամ ամռանը կամ աշնանը: Բայց կրկին ինչ-որ բաներ սպասել պետք չէ:

– Իսկ ի՞նչ սպասել սահմանին: Ադրբեջանը կրկին սպառազինություններ է գնում, արդյոք դա հավանական էսկալացիայի մասին չի՞ խոսում:

– Իհարկե, լարվածության աճ կլինի, կրակոցներ կլինեն: Սակայն կարծում եմ, որ հիմա պետք չէ սպասել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչպես եղավ ապրիլյան օրերին: Ինչ վերաբերում է սպառազինություններ գնելուն, ապա նրանք միշտ էլ գնում են, և դա ոչինչ չի նշանակում:

– Եվ կրկին Ռուսաստանից է ձեռք բերում, և դա այն դեպքում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե անբարոյական է զենք վաճառել հակամարտող կողմերին:

– Ոչ միայն Ռուսաստանից: Հայաստանին սպառազինություն մատակարարելուց հետո, երբ այն ցուցադրվեց զորահանդեսի ժամանակ, Ադրբեջանի կողմից կրկին ցանկություն առաջացավ զենք գնելու: Այդ հայտարարությանը պետք է ընդհանուր նայել, և այդ դեպքում զենք չպետք է վաճառել նաև Հայաստանին:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս