Որքան հարկ են վճարել ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է 2017 թվականի հունվար-մարտ ժամանակաշրջանի 100 խոշոր հարկատուների ցանկը: ArmLur.am-ը ներկայացնում է, թե այս  տարվա առաջին եռամսյակում որքան հարկ են վճարել ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերությունները:

Խոշոր հազար հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Գրանդ Տոբակո» հայ կանադական ՀՁ-ն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավականին առաջ է եկել. անցած տարվա առաջին եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում` 2-րդը: Ըստ այդմ` «Գրանդ Տոբակոն» պետական բյուջե վճարել է 5 մլրդ 479 մլն 405 հազար դրամ հարկ, իսկ անցյած տարվա նույն ժամանակահատվածում` 2 մլրդ 925 մլն 239 հազար դրամ:

Այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկի 9-րդ տեղում է ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը, որը պետբյուջե վճարել է 2 մլրդ 348 մլն 668 հազար դրամի չափով հարկ ու տուրք: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը՝ շուրջ 1 մլրդ դրամ պետբյուջե վճարած հարկով:

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող տեղական «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը նույնպես ավելացրել է պետբյուջե վճարվող հարկերի չափը: Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 2 մլրդ 337 մլն 347 հազար դրամ հարկ ու տուրք: Այս ընկերությունը տեղ է գտել ցանկի 10-րդ հորիզոնականում, մինչդեռ անցած տարվա առաջին եռամսյակում այն գտնվել է ցանկի 14-րդ տեղում:

Ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ջեյ թի այ Արմենիա» ընկերությունը 2016 թվականին պետությանը վճարել է 1 մլն 617 հազար դրամ հարկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1 մլն 657 հազար:

Իսկ ահա «Դիսթրիմէքս» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետությանը վճարել է 452 մլն 812 հազար դրամ հարկ, նախորդ տարվա ՝ 450 մլն 377 հազար դրամի փոխարեն:




Լրահոս