Եկամտաբե՞ր բիզնես. որքան հարկ են վճարել ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է այս տարվա առաջին եռամսյակի 100 խոշոր հարկատուների ցանկը: ArmLur.am-ը ներկայացնում է, թե այս 2016թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որքան հարկ են վճարել ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերությունները:

Նրանցից ամենախոշորը` «Գրանդ Տոբակո»-ն 2016 թվականի հունվար-մարտ ամիսներին վճարել է 2 մլրդ 925 մլն 239 հազար դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 2 մլրդ 528 մլն 691 հազար դրամի համեմատ: Այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում այս ընկերությունը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գտնվում էր 7-րդ հորիզոնականում:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 2016 թվականին վճարել է 1 մլրդ 374 մլն 735 հազար դրամ և գտնվում է խոշոր հարկատուների ցանկի 13-րդ հորիզոնականում, իսկ նախորդ տարի վճարել էր 1 մլրդ 855 մլն 885 հազար դրամ և գտնվում էր 14-րդ հորիզոնականում: Իսկ ահա «Մասիս Տոբակո»-ն այս տարի գտնվելով 193-րդ հորիզոնականում պետությանը  վճարել է 120 մլն 789 հազար դրամ, նախորդ տարվա` 240 մլն 170 հազար դրամի համեմատ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ընկերությունը գտնվում էր 112-րդ հորիզոնականում:

Հայաստանում ծխախոտ արտադրող խոշոր ընկերությունները թերևս այս երեքն են, սակայն խոշոր հարկատուների ցանկում առկա են նաև ծխախոտ ներկրող ընկերություններ:  Հայաստանում ծխախոտի առաջատար ներկրողներն են «Ֆիլիպ Մորիս Արմենիան», «Ավերսը», «Հարդ Լայթսը»: Ծխախոտ ներկրող ընկերությունների մոտ առկա է հետևյալ պատկերը:

Ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ջեյ թի այ Արմենիա» ընկերությունը 2016 թվականին պետությանը վճարել է 1 մլրդ 657 մլն 348 հազար դրամ` գտնվելով 11-րդ հորիզոնականում, իսկ նախորդ տարի գտնվել էր 10-րդ հորիզոնականում` վճարելով 2 մլրդ 90 մլն 11 հազար դրամ հարկ:  Ծխախոտի ներկրմամբ զբաղվող մեկ այլ` «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը գտնվում է խոշոր հարկատուների ցանկի 15-րդ հորիզոնականում և 2016 թվականի առաջին եռամսյակում պետությանը վճարել է 1 մլրդ 330 մլն 433 հազար դրամ, նախորդ տարվա վճարած` 1 մլրդ 477 մլն 369 հազար դրամի փոխարեն: Իսկ ահա «Դիսթրիմէքս» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետությանը վճարել է 450 մլն 377 հազար դրամ հարկ, նախորդ տարվա 715 մլն 191 հազար դրամի փոխարեն:

Այսպիսով, 2016 թվականի խոշոր հարկատուների ցանկում առկա է ծխախոտի արտադրությամբ զբաղվող 5 ընկերություն` «Գրանդ Տոբակո», «Ջեյ թի այ Արմենիա», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ավերս» և «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս